Վարչապետ-ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար հարաբերությունները՝ պատերազմի օրերին. նոր մանրամասներ. «Դեժավյու»

«Դեժավյու»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար աշխատանքային հարաբերությունների մասին, որոնք չափազանց կարևոր են, հասկանալու և գնահատելու կատարվածի ողջ հանցավորությունը:

«Նոյեմբերի 7-ի երեկոյան, ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ռուսական կողմի հեռախոսազանգից տեղեկացել է, որ ՌԴ-ից ՀՀ վարչապետին օրեր առաջ կոնկրետ կետային առաջարկություններ է արվել, այդ թվում` Արցախ խաղաղապահ զորք մտցնելու հետ կապված, սակայն վարչապետը ձգձգել է որոշում ընդունելը։

Ռուսական կողմը Միքայել Համբարձումյանին խնդրել է, որևէ կերպ արագացնել և որոշման մասին տեղեկացնել, նշելով, որ ժամանակ չկա և հնարավոր է Ստեփանակերտը կորցնեք։ Միքայել Համբարձումյանը անմիջապես հեռախոսով խոսել է վարչապետի հետ, խնդրել՝ այդ հարցով շտապ ընդոունելություն: Ըստ աղբյուրի, նա բացատրել է վարչապետին, որ ռուսները սպասում են շտապ պատասխանի, քանի որ այլևս հապաղելու ժամանակ չկա, սակայն վարչապետը չի ընդունել ԱԱԾ պետի պաշտոնակատարին և փաստորեն չի քննարկվել առկա իրավիճակը: Միքայել Համբարձումյանը ստիպված ռուսներին փոխանցել է, որ վարչապետը իրեն չի ընդունում, բացի այդ` Հայաստանում հանրությունը տեղեկացված չէ իրենց առաջարկություններից: Դրանից անմիջապես հետո, նա նույն օրը, կապ է հաստատել «Իմ քայլ»-ի պատգամավորներից մեկի հետ ու հարցրել՝ արդյո՞ք իրենք տեղեկացված են ռուսների կոնկրետ առաջարկների մասին: Պարզվել որ «Իմ քայլ»-ում էլ տեղյակ չեն։ Խոսակցության ընթացքում պայմանավորվում են, որ առիթի դեպքում պատգամավորը այդ հարցը տա վարչապետին, իսկ եթե այդ օրը նախատեսված Անվտանգության խորհրդի նիստը կայանա` ինքը անձամբ բոլորի ներկայությամբ այդ հարցը կբարձրացնի: Այդ օրը ԱԽ նիստ չի գումարվում, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը ազատվում է աշխատանքից։ Ամենայն հավանականությամբ Միքայել Համբարձումյանը նախօրեին «5-րդ ալիքի» եթերում խուսափել է այս թեմայի մասին խոսելուց և մանրամասներ հայտնելուց»,-գրում է «Դեժավյու»  թելեգրամյան ալիքը։