Մոսկվայի դիրքորոշումը Արևմուտքի՝ Ուկրաինային, Վրաստանին․․․ «տիրապետելու» փորձերի վերաբերյալ

Արդեն հայտնել ենք, որ Ռուսաստանի և Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման միտում կա։ Շատերին է հետաքրքրում հարցը՝ ի՞նչ են մտածում հենց Ռուսաստանում, հատկապես ՌԴ նախագահ Վ. Պուտինի և ՌԴ ԱԳՆ-ի վերջին կոշտ հայտարարությունների ֆոնին։ Այսօր մենք որոշեցինք Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնել իրավիճակի վերջին գնահատականներին, որոնք դեկտեմբերի 20-ին և 21-ին տվել են ՌԴ ԱԳՆ-ը և անձամբ նախագահ Պուտինը։

Ռուսաստանին մեկուսացնելու և ամբողջ աշխարհի աչքին նրան ագրեսիվ վտարանդի (իզգոյի) դարձնելու հավաքական Արևմուտքի բոլոր փորձերը դատապարտված են անխուսափելի ձախողման, հայտարարել է Վիեննայի ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը։ Ելույթ ունենալով «Soloviev Live» հեռուստաալիքի եթերում՝ նա ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների առաջարկներն ուղղված են իրավիճակի կայունացմանը, ոչ թե դրա սրմանը։ «Նրանք են ուզում են մեզ մեկուսացնել, ոչ թե մենք՝ նրանց։ Բայց դա նրանց չի հաջողվի»,- ասել է Գավրիլովը: Նրա խոսքերով, Մոսկվան թույլ չի տա ՆԱՏՕի օբյեկտների տեղակայում Ուկրաինայի և Վրաստանի տարածքում և թույլ չի տա, որպեսզի իր առաջարկները աղավաղվեն և անտեսվեն։ Դիվանագետը հավելել է, որ հակառակ դեպքում Ռուսաստանը համարժեք կպատասխանի նման գործողություններին։ Նա նաև նշել է, որ Մոսկվային ամենևին չի անհանգստացնում ռուսական «վերջնագրի» վերաբերյալ Վաշինգտոնի առաջին բացասական արձագանքը, որն արտահայտվել է Պետքարտուղարության հայտարարության մեջ, թե իբր Մոսկվայի գաղափարները չեն փարատել ամերիկյան կողմի մտահոգությունները։ Դիվանագետի խոսքով՝ կողմերը կարող են փոխըմբռնման գալ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հասկանա, որ Ռուսաստանը բլեֆ չի անում և լրջորեն մտադիր է հակազդել իր ազգային անվտանգությանը սպառնացող աճող սպառնալիքներին։ «Կարծում եմ՝ դա նախնական արձագանքն էր: Եվ այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն և Վաշինգտոնը հիանալի հասկանում են, թե ինչ է քննարկվում և տեղյակ են այդ մասին»,- հույս է հայտնել Գավրիլովը։

Վաշինգտոնը դեռևս ոչինչ չի հայտնել Ռուսաստանին՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների և Ռուսաստանի Դաշնության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրի՝ Կրեմլի կողմից ներկայացված պայմանագրի նախագծին: Բայց Եվրոպայում բավականին ակտիվ արձագանքեցին Ռուսաստանի առաջարկներին։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ եվրոպական երկրները նույնպես պետք է մասնակից դառնան անվտանգության հարցով բանակցային գործընթացին։ Մոսկվան սրան հստակ պատասխանեց՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի բերանով. Բրյուսելի [ՆԱՏՕի և Եվրամիության] մասնակցությունը բանակցային գործընթացին ավելորդ է։ Դիրքորոշումը կոշտ է, բայց՝ ոչ կեղծավոր. Ռուսաստանի ղեկավարությունը հասկացնել է տվել, թե քաջ գիտակցում է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը ընդամենը ԱՄՆ-ի «դուստր ձեռնարկություններ» և լծակներ են… Եվ հետևաբար, բավական է գալ համաձայնության Վաշինգտոնի հետ.

Իսկ դեկտեմբերի 21-ին, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում նախագահ Պուտինն անձամբ ասաց. «Մենք չափազանց անհանգստացած ենք Ռուսաստանի մերձակայքում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համաշխարհային համակարգի տարրերի տեղակայմամբ։ MK-41 հրթիռները, որոնք տեղակայված են Ռումինիայում և նախատեսվում է տեղակայել Լեհաստանում, հարմարեցվել են Tomahawk հարվածային համակարգերի օգտագործմանը: Եթե ​​այս ենթակառուցվածքը շարժվի առաջ, եթե հայտնվի Ուկրաինայում, ապա նրանց թռիչքի ժամանակը կկրճատվի մինչև 7-10 րոպե։ Իսկ հիպերձայնային զենքի տեղակայմամբ՝ մինչև հինգ… Ռուսաստանը պատրաստ է ռազմատեխնիկական միջոցներ ձեռնարկել, եթե ՆԱՏՕ-ն մոտենա ռուսական սահմաններին։ Այն դեպքում, երբ մեր արևմտյան գործընկերների ակնհայտ ագրեսիվ գիծը շարունակվի, մենք համարժեք ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկենք և ոչ բարեկամական քայլերին կոշտ կարձագանքենք»։ Այսպիսով, Ռուսաստանի նախագահը փաստացի զգուշացրել է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներին՝ հիպերձայնային զենքի թռիչքի ժամանակը կնվազի մինչև 5 րոպե, և՝ ընդ որում, եթե ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին դեռ չի հաջողվել ստեղծել հիպերձայնային հրթիռներ, ապա Ռուսաստանի Դաշնության «Ցիրկոն» և «Ավանգարդ» (հիպերձայնային) հրթիռները արդեն հասնում են ՌԴ Զինված ուժերի զինանոց։

Բայց Մոսկվայի այս բոլոր հայտարարությունները ոչ մի կերպ վերջնագիր չեն, ինչպես նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որ իբր Մոսկվայի գաղափարները չեն փարատել ամերիկյան կողմի մտահոգությունները։ Առայժմ սա պարզ նախազգուշացում է և կոչ․ Ռուսաստանից հնչող հայտարարություններին վերաբերվել որպես իրականության, ոչ թե բլեֆի։ Եվ այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կոլեգիայի նույն նիստում Պուտինը նաև ասաց. «Երբ միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը խանգարում են նրանց [Արևմուտքին], ապա նրանք այդ ամենը հայտարարում են հնացած և անպետք: Իսկ երբ ինչ-որ բան համապատասխանում է իրենց շահերին, անմիջապես հղում են անում միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային մարդասիրական իրավունքներին և այլն։ Արևմուտքի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների հետևում թաքնված մանիպուլյացիաները ձանձրացրել են։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, լարվածությունը, որ առաջանում է Եվրոպայում՝ ԱՄՆ-ի մեղքն է»։ Որևէ բան ավելացնելու կարիք չկա… 

Սերգեյ Շաքարյանց