200 հազար դոլարանոց մեքենայի գնումը պրեստիժ չի՝ մովետոն է․ Մարությանը իշխանությանը

«Իմ նկատմամբ անվստահության գործընթացի հեղինակներն ու նրանց կուսակցական ընկերներն ասում են՝ Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք, թե ով է  հրաժարվել հեղափոխական արժեքներից»,- ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարոնց մեքենա են գնում, ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը՝ ցույց տալու, թե ինչքան անհրաժեշտ գնում էր երկրի համար»։

Նա նշեց, որ կառավարության  հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են աշխատավարձերը։

«Օրինակ, նախարարները մեկ ու կես մլն դրամ աշխատավարձ են ստանում, խոսքը մաքուր գումարի մասին է՝ հարկերը հանած։ Փոխնախարարները մեկ մլն դրամ են ստանում։ Հեղափոխական նախարարները՝ գաղտնի որոշմամբ։ Ես չեմ խոսում կառավարության տեխնոկրատ անդամների մասին, որոնք պրոֆեսիոնալ են ու իրենց աշխատանքի համար պետք է բարձր վարձատրվեն, ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հողափոխությանը մասնակցած ու դրա շնորհիվ պաշտոն ստացածների մասին։ Ես կարծում էի, որ հեղափոխության նպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու սկսեցին անմիջապես բարելավել իրենց կյանքը, այն դեպքում, երբ երկրում աղքատության մակարդակը տատանվում էր 30 տոկոսի սահմաններում»,-շեշտեց Մարությանը։

«Մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները կառուցելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, այդ երկրի իշխանությունն արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրետսիժի համար է: Ասեմ, հարգելիներս, սա պրեստիժ չի, հակառակը, սա մովետոն է, որը շատ վատ տպավորություն է թողնում: Դուք դրանով անգամ խղճահարություն չեք առաջանցում, այլ միայն քմծիծաղ ու տարակուսանք»,-ասաց նա:

Մարությանը տեղեկացրեց, որ ինքը դեռևս 2018-ին վաճառքի է հանել քաղաքապետին կցված S դասի «Մերսեդեսը» և գումարը մուտագրել քաղաքի բյուջե. «Այս ողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսան» եմ քշում: Ընդ որում ինքս եմ վարում, թիկնապահների մասին ընդհանրապես խոսք չկա: Երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ  տվել բարձրացնել աշխատավարձս: Սա հերոսություն չի, սա լավ չի, սա նորմալ է, որովհետև սա իմ համոզմունքն է, և  դա պետք է լինի հեղափոխությամբ պաշտոն ստացած յուրաքանչյուրի համոզմունքը, որովհետև 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու, սեփական կոմֆորտի մասին մտածել: Այստեղ պետական աշխատանքը ինքնազոհություն և զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ: Բայց ինչպես տեսնում ենք, ՔՊ մեր գործընկերները չեն կիսում այս սկզբունքը: Դե հիմա ասեք՝ ովքեր են շեղվել հեղափոխական արժեքներից»,-ընդգծեց Մարությանը: