Հուսով եմ՝ հեռախոսներով չեք նկարի ձեր քվեաթերթիկները․ Իզաբելլա Աբգարյանը «Իմ քայլը» խմբակցությանը

«Ինձ համար չափից ավելի դժվար է այստեղ քաղաքական ելույթ ունենալ, որովհետև այս շենք ոտքս դնելու պահից ի վեր միակ նպատակս եղել է համայնքային շահին ծառայելը, երևանցիների խոսքն այստեղ հասցնելը, բայց, ցավոք, հասել ենք այս ամոթալի հանգրվանին»,- այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանի արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Տարիներ առաջ, երբ ես, ընկերներս, բազմաթիվ երևանցիներ, այդ թվում՝ Հայկ Մարությանը, այս շենքի առջև վանկարկում էինք «որոշողը մենք ենք», կհաստատի նաև ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը, նա էլ այդ մարդկանցից էր։ Մեզ հակադարձում էին՝ թղթերով ամեն ինչ կարգին էր, բայց մենք ասում էինք, որ դա չի բխում Երևան քաղաքի շահից, երևանցիների շահից։ Ասում էինք, որ մենք ենք վճարում քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը։ Դա կոչվում է՝ տեր լինել սեփական քաղաքին, համայնքային շահին։ Այսօր ձեր բերած նախագիծը ճիշտ հակառակն է, դրանով հայտարարում եք՝ որոշողը դուք չեք, որոշողը ՔՊ-ն է: Դուք շատ մեծ սխալ եք անում, որովհետև ոչ թե քաղաքապետին եք վատություն անում և հեռացնում, երևանցիներին եք հեռացնում որոշում կայացնելու հնարավորությունից»,- հայտարարեց նա:

Աբգարյանն ընդգծեց՝ այս ընթացքում կատարված բոլոր հարցումները փաստում են՝ երևանցին նման հանրային պահանջ չի ձևակերպել, չի համաձայնել «Իմ քայլը»-ի հայտարարության մեջ եղած հիմքերին. «Այլապես դուրս կգար փողոց, կասեր՝ «Հայկ Մարության, հեռացիր, եթե այլևս մեր սրտի վարչապետի հետ չես»,-ասաց նա՝ նշելով, թե որևէ փաստ չեն կարողանում ներկայացնել։

«Դուք այսօր ու այս օրերի ընթացքում այնքան քաջություն չեք ունեցել, որ ձեր մեղքի բաժինն ընդունեք մեր նախընտրական ծրագրի չկատարած կետերի համար, որովհետև, կարծում եմ, այստեղ շատ քչերն են, որ այդ ծրագիրը կազմելիս ներկա են եղել։ Կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն պետք է ունենա, որ մեկ անձի վրա չբարդի այն բոլոր խնդիրները, որոնց համար ինքն էլ էր պատասխանատու»,-հայտարարեց Աբգարյանը։

Ըստ Աբգարյանի՝ Հայկ Մարությանը որևէ քաղաքական ուղուց չի շեղվել, «Իմ քայլը»-ի քաղաքական ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հետևողականորեն ազատվելով այն մարդկանցից, որոնք եղել են «Իմ քայլը»-ի հեղափոխության շարժիչ ուժը, փողոցներում իրենց կյանքը վտանգողները:

«Այդ մարդկանց փոխարինել են այսօր Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների խինկալիների պոչերով, որոնք հայտարարել են, որ հիմա էլ իրենք ՔՊ-ական են: Դա՞ է քաղաքական գիծը: Հայկ Մարությանն ընդամենը հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից, նա քաղաքը չի լքել դժվար պահին:

Ես ՔՊ-ին մի բան եմ ուզում ասել՝ նախքան Հայկ Մարությանին ապերախտ ասելը՝ հիշեք՝ ովքեր էին ձեր կողքին, երբ կուսակցությունն էր բարդ վիճակում, ձերբակալված էր կուսակցության ղեկավարը, մյուս կարևոր դերակատարները։ Ուր էին այն մարդիկ, որ այսօր նստել են ձեր պատգամավորական աթոռներին և զբաղեցնում են պաշտոններ։ Այնպես որ, եկեք ուրանալուց և ապերախտ լինելուց չխոսենք, ես շատ բան ունեմ ասելու ձեզ այդ իմաստով։ Այսօր դուք մենակ եք քվեարկելու՝ ձեր խղճի առաջ, հուսով եմ՝ հեռախոսներով չեք նկարի ձեր քվեաթերթիկները։ Ես եկել եմ այն եզրակացությանը, որ ՀՀ-ում ևս մեկ անգամ հաստատվեց այդ պարզ ճշմարտությունը՝ հեղափոխություն անում են ռոմանտիկները, իսկ օգտվում․․․»,-ամփոփեց Իզաբելլա Աբգարյանը։

Նշենք, որ Երևանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը և վայր դրել մանդատները: