«Բժիշկներ Արցախի համար» ծրագիրը կշարունակվի

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին ընդունել է Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, անդրադարձ է կատարվել ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին, մասնավորապես՝ առողջապահության նախարարության հետ իրականացվող «Բժիշկներ Արցախի համար» ծրագրին, ինչի արդյունքում ՀՀ-ից շուրջ 30 բժիշկ իր ծառայություններն է մատուցել բնակչությանը Հանրապետության տարբեր բնակավայրերում:

«Վստահեցնում եմ, որ ծրագիրն իր շարունակությունը կունենա՝ հաշվի առնելով առկա պահանջարկը: Իհարկե, ցանկալի կլինի, որ Արցախում բոլոր բուժհաստատությունները համալրված լինեին անհրաժեշտ մասնագետներով, որ մենք զբաղվենք նրանց միայն կրթության հարցերով: Շարունակվելու են նաև աջակցության մյուս ծրագրերը, այդ թվում՝ համակարգն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործընթացը»,- նշել է Համբարձում Սիմոնյանը: