Լուսանցքային ողորմելի է Ժիրայր Լիպարիտյանը, դավաճան, թուրքական գործակալ․ Ալվարդ Պետրոսյան․ Yerkir.am

Ժիրայր Լիպարիտյանը թուրքի հաց է կերել և մոռացել է, թե որտեղից է սերվել, ինչ սերունդից է: Զարմանալի բան է, բայց չարագուշակ է իր ներկայությունը․ ամեն անգամ երբ այդ արարածը հայտնվում է, Հայաստանին կամ Արցախին վտանգ է սպառնում․ Yerkir.am-ի հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը՝ խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ծագման, ազգային պատկանելության, թուրքական գործակալ լինելու, Հայաստանի մասին ունեցած գաղափարական մոտեցումների և աղմկահարույց հայտարարություններ մասին։

Ժիրայր Լիպարիտյանը, որը ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդականն էր, այլ նաև նրա հատուկ բանագնացը արցախյան կարգավորման բանակցություններում, երեկ հայտարարել է, թե Թուրքիայից և Ադրբեջանից վտանգներ չի տեսնում։ Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանի այն մտքին, թե՝ ի՞նչ հարաբերություններ հաստատես մի հարևանի հետ, որն ուզում է քեզ ոչնչացնել, Ժիրայր Լիպարիտյանը պատասխանել է. «Արծվիկ Մինասյանն ապրել է Հայաստանում, մորթվե՞լ է: 30 տարի ասում է, որ՝ մորթվելու ենք, մորթվե՞լ ենք»:

Ալվարդ Պետրոսյանի խոսքով՝ Լիպարիտյանի այդպիսի նվիրվածությունը թուրքերին փաստում է, որ նա թուրքական գործակալ է և սնվում է թուրքական լիրայով։

«Վստահ եմ, որովհետև չի կարող պատահել այդպիսի ուրացում, այդպիսի նվիրվածություն թուրքերին։ Լիպարիտյանն ուրանում է սեփական արյունը, սեփական տոհմի պատմությունը, իբրև ինքը չգիտի՝ ինչո՞ւ հայտնվեց Ամերիկայում, ինչպես եղավ, որ ինքը և իր ծնողները այնտեղ հայտնվեցին: Նա մանկուրտ է՝ հիշողությունը կորցրած, հիշողություն չունեցող մարդ, ազգային որևէ պատկանելություն չունի այլևս: Լիպարիտյանն  այն սերունդ է, որի ծնողները Եղեռնից հետո հայտնվել են Ամերիկայում»,- ասում է նա:

Հարցին՝ ինչո՞ւ Լիպարիտյանը հայտնվեց հիմա, երբ Հայաստանի իշխանությունները «սիրախաղ» են սկսել Թուրքիայի հետ, Ալիևն էլ «Զանգեզուրի միջանցքի» պահանջ է ներկայացնում, Ալվարդ Պետրոսյանն արձագանքում է, որ իշխանությունն է նրան հրավիրել՝ գիտակցելով, որ այլևս «վերջացել» են, դիվանագիտական թևն այլևս չկա, թույլ են։

«Դրսից օգնություն են կանչել, և որևէ պարկեշտ մարդ չէր գա օգնելու, շատ նորմալ է, որ Լիպարիտյանը պիտի գար: Վստահեմ եմ՝ ՔՊ-ականները հենց նրա նման զորավոր թուրքամետի օգնության կարիքն ունեին։ Բայց այդ ինքն է մանկուրտ, մենք մանկուրտ չենք: Գուցե երիտասարդ սերունդը լավ չգիտի, թե ով է Ժիրայր Լիպարիտյանը, բայց իմ սերունդը, որը տեսել և մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, շատ լավ գիտի նրա՝ ով լինելը»,- նշում է նա:

Պետրոսյանը շեշտում է՝ Լիպարիտյանը եղել է Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող հաստատության տնօրեն և շատ լավ գիտի, թե թուրքերն ինչ են արել հայ ժողովրդի հետ։ Նշենք, որ 1982-1990թթ․ Լիպարիտյանը եղել է Մասաչուսեթսում Արդի հայկական հետազոտությունների և փաստագրման «Զորյան» ինստիտուտի համահիմնադիրն ու տնօրենը, իսկ 1982-1988թթ․՝ ՀՅԴ արխիվի տնօրենը։

«Սարսափելին այն է, որ մինչև դավաճանի թիկնոցը ուսերին գցելն այդ մարդը «Զորյան» հիմնարկության պատասխանատուն էր, ՀՅԴ արխիվի տնօրենն էր: Մի հաստատություն, որն ուղղակիորեն Ցեղասպանության հետ էր կապված, նա մանրամասնորեն տեղյակ է, թե թուրքերը ինչ են արել մեր ազգի գլխին, և դավաճան է նա, որ ուրանում է: Ամենաարագընթաց էվոլյուցիաների ժամանակ գազանը մարդ է դառնում: Թումանյանը հանճարեղ ձևակերպում ունի, ասում է՝ հազար տարի պիտի անցնի, որ մարդակերից մարդասպան դառնա: Ես չեմ կարծում, որ այդ փուլը հաղթահարել են թուրքերը: Նրանք մի ամբողջ սերունդ ոչնչացրեցին»,- ասում է Ալվարդ Պետրոսյանը:

Լրատվամիջոցներից մեկին  տված հարցազրույցում  Լիպարիտյանը հիմա անհնար է համարում Արցախի անկախությունը, դրան ուղղված գործընթացները՝ վտանգավոր։ Ավելին՝ բառացի ասում է․ «Մենք ինչպե՞ս կարող էինք այն ժամանակ Արցախի անկախության հարցը լուծել, երբ ամբողջ երկիրը գրավել էինք և միջազգային հանրությունը պաշտպանում էր Ադրբեջանին»։ Հարցազրույցի ողջ ընթացքում Լիպարիտյանը տանում է այն թեզը, որ պատերազմով և արյան գնով վերադարձված հողերը պիտի տրվեին Ադրբեջանին,  և դա էր ճիշտը։

Պետրոսյանը համարում է, որ Լիպարիտյանը ոչինչ է, որ Արցախի հարցով պիտի որոշումներ կայացնի կամ ստեղծի պատրանք, թե թուրքը անհաղթահարելի է։

«Ինքը ոչինչ է, լուսանցքային ողորմելի է Լիպարիտյանը։ Փառք, որ ձեր սերունդը նրան արդեն չի էլ հիշում: Մեր սերունդը կգնա, և Լիպարիտյանը կվերջանա: Նա ո՞վ է, որ որոշումներ կայացնի, թե Արցախը չի ստանա անկախություն, կամ թուրքն անհաղթահարելի երևույթ է: Հայ ժողովուրդն իր հարցերն ինքն է լուծելու: Երբ Արցախը անկախացավ, ամբողջ սովետական կայսրության առաջ էր կանգնել մեր ժողովուրդը, հասկանո՞ւմ եք, ընդ որում՝ ոչինչ չունեինք, ո՛չ տանկ, ո՛չ հրացան: Հրացան հավաքողներից մեկն էլ ես էի, բայց կարողացանք հաղթել, որովհետև ժողովրդի կամքն էր որոշում: Լիպարիտյանի նման թափթփուկները կգան-կգնան»,- նշում է հրապարակախոսը։