Վիեննայի բանակցություններում համաձայնության հասնելը կախված է մյուս կողմի կամքից

Եթե ​​մյուս կողմը լուրջ կամք և գործնական պատրաստակամություն ունենա՝ կատարելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները, ապա համաձայնագիրը կգործի կարճ ժամանակահատվածում։ Այս մասին Վիեննայում կայացած բանակցություններում հայտարարել է փոխարտգործնախարար, Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին։ Գրում է IRNA գործակալությունը։

Բաղերի Քանին նշել է, որ Վիեննայում կայացած բանակցություններում Իրանի գլխավոր առաջնահերթությունը Իրանի ժողովրդի նկատմամբ վերջին տարիներին կիրառված բոլոր անօրինական պատժամիջոցների վերացումն է։

«Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքն ու կանոնակարգերը, ինչպես նաև միջազգային սկզբունքները»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պատժամիջոցներն անհամատեղելի են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ, դրանք անհամատեղելի են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի հետ։

«Ցանկացած պատժամիջոց, որոնք խախտում են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, պետք է անհապաղ չեղարկվի՝ անկախ նրանից՝ դրանք սահմանվել են Օբամայի, Թրամփի կամ Բայդենի օրոք, դրանք բոլորը պետք է չեղարկվեն»,- ընդգծել է դիվանագետը։