Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 10

Սկիզբը` այստեղ

Նիկոլ հողատուն այսօր հանդես գալով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած և հակառուսական, հակաչինական, հակաիրանական ուղղվածություն ունեցող, այսպես կոչված, «Հանուն ժողովրդավարության» առցանց գագաթնաժողովում, հայտարարել է, թե «Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը»:

Բացի նրանից, որ Նիկոլը հերթական անգամ մեծ-մեծ է փրթել, նրա այս խոսքն, ըստ էության, ծաղրուծանակ է ժողովրդավարության նկատմամբ, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը երկիրը վերածելով ոստիկանական բռնապետության, հենվելով ոստիկանական ուժերի, պատվերներ կատարող և շինծու քրեական գործեր հարուցող, երկակի ստանդարտներով առաջնորդվող ու քաղաքական պոռնկի վերածված իրավապահ մարմինների, պատվերով դատավճիռներ ու վճիռներ կայացնող դատավորների վրա, հենց ինքն իր ղեկավարած երկրում հանդես է գալիս որպես ժողովրդավարության թիվ 1 թշնամի: Էլ չենք խոսում 2021թ. խորհրդարանական կեղծված ընտրությունների մասին:

Ու հիմա այսպիսի մեկը բարբաջում է, թե «Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը»` այն դեպքում, երբ ինքն իր ղեկավարած երկրի ներսում հանձնառու չէ…

Ինչպես արդեն նշել ենք, վերոնշյալ համաժողովն ունի հակառուսական, հակաչինական, հակաիրանական ուղղվածություն, և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով, առանց այն էլ խարխուլ ազգային անվտանգությունը և Հայաստանի շահերը սպառնալիքի տակ չդնելու հրամայականից ելնելով, Նիկոլը պետք է մերժեր նշված միջոցառմանը մասնակցելու հրավերը: Բայց պարզ էր նաև, որ չէր մերժելու, որովհետև այդ դեպքում Նիկոլը Նիկոլ չէր լինի, որովհետև հենց ինքն էլ մեկն է նրանցից, ովքեր հանձնառու են նպաստելու հակառուսական, հակաչինական, հակաիրանական «համաշխարհային առաքելությանը»… Պարզապես Նիկոլը հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և իրողություններ, Զելենսկու նման բացահայտ չի գործում, այլ մի փոքր տակեվանց ու հնարավորինս զուսպ…

Քանի որ հիշյալ համաժողովը հակառուսական, հակաչինական, հակաիրանական ուղղվածություն ունի, նշված պետությունների ղեկավարները դրան մասնակցելու հրավեր չեն ստացել, Ռուսաստանը և Չինաստանը Վաշինգտոնում իրենց դեսպանների մակարդակով, «National Interest» ամերիկյան պարբերականում հրապարակած համատեղ հոդվածով արդեն իսկ քննադատել են համաժողովի գաղափարը:

«Ամերիկացիների այս նախաձեռնությունը լիովին տեղավորվում է «սառը պատերազմի» ժամանակների մտածելակերպի մեջ,- գրել են Ռուսաստանի և Չինաստանի դեսպաններ Անատոլի Անտոնովն ու Ցին Գանը։- Դեմոկրատիան մեկ երկրի կամ մի քանի երկրների խմբի մենաշնորհը չէ, այն կարող է իրականացվել տարբեր ձևերով, չկա օրինակ, որը պետք է պարտադրվի մյուս երկրներին»:

Դեռ 2018թ. աշնանը Հայաստան կատարած և հակառուսական ուղղվածություն ունեցող իր այցով այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը խաղադրույք կատարեց Նիկոլի վրա, ավելի ճիշտ, ամրապնդեց դեռ «թավշյա հեղափոխություն» կոչվածից առաջ նրա վրա Միացյալ Նահանգների կատարած խաղադրույքը: Թե որոշակի ինչ հայադավ և հակառուսական պայմանավորվածություններ են ունեցել նրանք իրենց հանդիպման, բանակցությունների ընթացքում, բնականաբար, չէր հրապարակվելու ու չի հրապարակվել:

Այնուհանդերձ, ուշագրավ էին Բոլթոնի դիտարկումներն այն մասին, որ եթե Հայաստանում 2018թ. անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած ուժը ստանան այնպիսի աջակցություն, ինչպես կարծիքի հարցումներն են իբր կանխատեսում, ապա ընտրություններին հաջորդող ժամանակահատվածը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վճռական քայլեր անելու ամենահարմար պահն է:

ԱՄՆ-ի ակնկալած հենց այդ վճռական քայլերն էլ արվեցին Նիկոլ հողատուի կողմից` վիժեցնելով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ու բանը հասցնելով հայկական կողմի համար պարտվողական պատերազմի, որի արդյունքում զոհասեղանին դրվեց և Ադրբեջանին հանձնվեց Արցախի շուրջ 75 տոկոսը: Երկու օր առաջ էլ Նիկոլ հողատուն «Ազգային ժողով» կոչվածի ամբիոնից հայտարարեց Արցախի Հանրապետության անկախության գաղափարից իր և, ըստ էության, իր ողջ քաղաքական թիմի հրաժարվելու մասին հօգուտ Ադրբեջանի (ՔՊ-ից որևէ մեկը չի հայտարարել տվյալ հարցում Նիկոլի հետ չհամաձայնելու մասին):

Նիկոլը շատ պարզ ասաց, որ Ադրբեջանի կազմից Արցախի դուրս լինելու որևէ տեսական ու գործնական հնարավորություն չկա, մենք կորցրել են այդ հնարավորությունները, այսպիսով նա, ըստ էության, հայտարարեց Արցախի Հանրապետությունից մնացած մասն էլ Ադրբեջանին հանձնելու իր մտադրության ու պատրաստակամության մասին: Պետական դավաճանն էլ ինչպե՞ս է լինում, պոզով- պոչո՞վ…

Հիշենք, որ ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը խոսել էր նաև տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունից՝ նշելով, որ «Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումը նվազեցնելու» (այսինքն` Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու կամ, եթե փակագծերը լրիվ բացենք, վերացնելու) ամենակարճ ուղին ԼՂ հակամարտության կարգավորումն է:

Դե, Նիկոլն էլ հետևելով Բոլթոնի պլանին, յուրովի «կարգավորեց» ու շարունակում է «կարգավորել» Արցախյան հակամարտությունը` նպատակ ունենալով վերջնարդյունքում հասնել Հայաստանում Ռուսաստանի ազդեցության էական նվազեցմանը կամ վերացմանը, կարճ ասած, Հայաստանը Թուրքիայի գավառ դարձնելուն կամ ամերիկյան լծի տակ դնելուն, եթե, իհարկե, ոչ Ադրբեջանի և Թուրքիայի համար մի նոր պատերազմի հնարավորություն ստեղծելուն` այստեղ ապրողներիս ցեղասպանության ենթարկելու համար: Բայց չի հաջողելու, յուրայինների հետ ջախջախվելու է ԱՄԵՆԱԴԱԺԱՆ, բայց միանգամայն ԱՐԴԱՐ կերպով:

Ի դեպ, ովքեր վայրահաչում են Լավրովի չեղած պլանից, թող «չմոռանան» Բոլթոնի պլանի գոյության մասին, որի էության հայտնի մասը վերն արդեն հակիրճ ներկայացրեցինք:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան