Արցախում նոյեմբերին 178 ծնունդ է գրանցվել

Նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։

«Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։ Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Օրեր առաջ  Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել էր առաջին երեխան: Արցախի առողջապահության նախարարությունում վստահ են, որ արտամարմնային բեղմնավորման ծրագիրը կերջանկացնի շատ ընտանիքների:

Վերջին ութ ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման  են ուղեգրվել  52  զույգ, որից 39-ի մոտ  արդեն  կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա)  հերթագրված են  տասնյակ զույգեր, որոնք նույնպես  պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման:

Հիշեցնենք, որ 2020 թվականի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1614 երեխա, որից 818 տղա, 796 աղջիկ: Ստեփանակերտում ծնվել է 1389 երեխա, որից 699 տղա, 690 աղջիկ: