Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 4

Սկիզբը` այստեղ

Հայաստանի ոստիկանական բռնապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտնելով, որ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում իրենք տեղեկացրել են Թուրքիայի հետ, առանց նախապայմանների, հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, հավելել է.

«Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ ներկա պահին Թուրքիայի հետ որևէ բանակցություն չի վարվում»:

Թե ինչ է նշանակում Թուրքիայի հետ «հարաբերությունների կարգավորում» ասվածը, ինչ միտում, նպատակներ ունի և ինչ վտանգներով է հղի այդ հայադավ ծրագիրը, անդրադարձել էինք հոդվածի նախորդ մասում: Եվ խնդիրը սոսկ միայն այն չէ, որ Երևանը կդառնա մի քաղաք, ինչպիսին այսօր Բաթումին է (ովքեր եղել են Բաթումիում, մեզ շատ լավ կհասկանան): Նշել էինք նաև, որ ունենք հիմքեր` չհավատալու Թուրքիայի հետ որևէ բանակցություն չվարելու առնչությամբ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությանը, նաև խոստացել էինք առաջիկայում անդրադառնալ  դրանց:

Հիմքերից մեկն այս իշխանության, նրա տարբեր ներկայացուցիչների արդեն քրոնիկ բնույթ ստացած ստախոսությունն է, միայն դա արդեն լիովին բավարար է…

Ահա ևս մեկ հիմք. ՏԱՍՍ գործակալությանն ԱԳՆ մամուլի քարտուղարի տված վերոնշյալ  տեղեկատվությունից ընդամենը մի քանի օր առաջ Երևանում վայրէջք է կատարել Անկարայից օդ բարձրացած ինքնաթիռը: Այս մասին նոյեմբերի 19-ին իր ֆեյսբուքյան էջում «Երևանում վայրէջք է կատարում Անկարայից մեկնած մասնավոր ինքնաթիռը: Ո՞վ է ինքնաթիռի մեջ» գրառմամբ տեղեկացրել է «Ազատագրում» շարժումը:

Ուշադրության է արժանի ոչ միայն բուն թռիչքի փաստը Թուրքիայի մայրաքաղաքից մի երկրի մայրաքաղաք, որի հետ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունի, այլև ինքնաթիռի մասնավոր պատկանելությունը, Անկարայից կատարված այցելությունը Սոչիում Պուտինի, Ալիևի և Նիկոլի բանակցություններից ուղիղ մեկ շաբաթ առաջ, ինչպես նաև այն, որ Հայաստանի իշխանությունն այդպես էլ գաղտնի պահեց, թե ով կամ ովքեր եկան ու գնացին այդ ինքնաթիռով: Ի դեպ, սա Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին խորհրդավոր չվերթը չէր…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայերիս օգնում են հասկանալ, թե Սոչիում նոյեմբերի 26-ին ինչ որոշումներ են կայացվել Նիկոլ հողատուի մասնակցությամբ ու համաձայնությամբ:

Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների օրերս կայացած հանդիպմանը Չավուշօղլուն, «Anadolu» գործակալության փոխանցմամբ, մասնավորապես հայտնել է, որ Թուրքիայում «բավարարված են Հարավային Կովկասում ցամաքային ու երկաթուղային ճանապարհների, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի վերականգնման ու բացման որոշմամբ»։

Թուրքիայի արտգործնախարարը չի էլ թաքցրել, որ դրանով իրենք, այսինքն` Թուրքիան, Ադրբեջանը, միջինասիական հանրապետությունները, հետապնդում են աշխարհում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակ:

Ավելին. Թուրքիան արդեն գնահատում է այն տնտեսական օգուտները, որոնք ստանալու են Նախիջևանի միջով տրանսպորտային միջանցքի բացման դեպքում։

«Anadolu»-ին տված հարցազրույցում Թուրքիայի անկախ արդյունաբերողների և ձեռնարկատերերի ասոցիացիայի ներկայացուցչության ղեկավար Մեհմեդ Հիլմի Քագնըջին ասել է. «Նախիջևանի միջով տրանսպորտային միջանցքի բացումը կթեթևացնի բեռնափոխադրումները Թուրքիայից ոչ միայն Ադրբեջան, այլև Կովկասի տարածաշրջանի այլ երկրներ և հետագայում` Կենտրոնական Ասիա»։

Նա վստահություն է հայտնել, որ «Նախիջևանով դեպի Ադրբեջանի արևմտյան շրջաններ տրանսպորտային նոր երթուղու բացումը կհանգեցնի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կտրուկ աճի»։

Իհարկե՛  կհանգեցնի… Ադրբեջանը կարճ ժամանակաընթացքում տնտեսապես էլ ավելի կհզորանա, ժողովրդագրական առումով կունենա թռիչք, բնականաբար, էապես կհզորանա նաև ռազմական առումով: Հետևանքների մասին ինքներդ դատեք…

«Հույս ունենք, որ Նախիջևանի միջանցքը կսկսի գործել որքան հնարավոր է շուտ,- ասել Քագնըջին:- Առևտրաշրջանառության աճի հիմնական խոչընդոտը ուղիղ տրանսպորտային հաղորդակցության բացակայությունն է։ Նախիջևանի միջանցքի բացումը կթեթևացնի տարածաշրջանում բեռնահոսքը։ Այս միջանցքը առևտուրը կդարձնի ավելի հարմարավետ և շահավետ»։

Աշխարհում Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը, սակայն, նրանց միակ նպատակը չէ, բուն կամ հիմնական նպատակը պանթուրքական ծրագրի իրագործումն է, և Նիկոլ հողատուն իր տված համաձայնություններով պարզապես ջուր է լցրել Սատանայի ջրաղացին, ընդ որում, ունենալով այդ համաձայնությունները չտալու, նշված որոշումների կայացումից հրաժարվելու իրավական ու քաղաքական հնարավորություն:

Թուրքիայի հետ մերձեցումը նույնն է, ինչ վիշապի հետ մերձենալն ու ցանկացած պահի սեղմել- խեղդելու պատրաստ նրա գալարներում հայտնվելը: Այդ ինչպե՞ս է, որ նույնիսկ Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու Ֆրանսիայում տեսնում են վտանգը, իսկ Նիկոլ հողատուն չի տեսնում: Չի՞ տեսնում…

Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններին: Բյուսոնը մասնավորապես գրել է.

«Էրդողանի նոր տագնապալի իմպերիալիստական ելույթն Աշխաբադում, որի ժամանակ նա կոչ էր անում թյուրքալեզու երկրներին լիովին աջակցել Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված պահանջի հարցում։ Սյունիքը Հայաստան է, իսկ Էրդողանը՝ պատերազմի հրձիգ»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան