Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 3

Սկիզբը` այստեղ 

ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում շուրջ մեկ շաբաթ առաջ, այսինքն` մինչև Սոչիում Պուտինի, Ալիևի և Նիկոլի հանդիպումն ու եռակողմ և երկկողմ բանակցությունները, հայտնել է Հայաստանի ոստիկանական բռնապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Սա Նիկոլ հողատուի իշխանության գրեթե բացահայտ ու հրապարակային խոստովանությունն է առ այն, որ Հայաստանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ չունի և, ընդհանրապես, հրաժարվում է նաև պահանջատիրությունից, Հայ դատից:

Նիկոլի կամ նրա շրջապատի օլիգարխների, օրինակ, Գռզոյի ու մյուսների համար կարևորը կարճատև հաճույք` Թուրքիայի հետ առևտրից, այլ գործարքներից միլիոններ կամ միլիարդներ ստանալն է, իսկ թե դրանից հետո ինչ կլինի Հայաստանի հետ, նրանց բնավ չի հետաքրքրում: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և պահանջատիրությունը հիշյալ անձանց, Նիկոլի նաև այլ թիմակիցների  համար երբեք էլ կարևոր չեն եղել, ավելին` նրանք չեն էլ թաքցրել իրենց ապազգային կամ հակաազգային էությունը:

Հայտարարելով Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին, Հայաստանի իշխանությունները միտումնավոր անտեսում են, թե որ պետության մասին է խոսքը և որ պետության հետ գործ ունեն: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին  ու նիկոլականներին, իհարկե, շատ լավ հայտնի է, որ «Բայրաքթար ՏԲ-2» ԱԹՍ-ները, որոնցով  44-օրյա պատերազմի ընթացքում թուրքերը բազմաթիվ հայ զինծառայողների սպանեցին, ոչ միայն Թուրքիայի արտադրանքն էին, այլև Թուրքիայի զինված ուժերին էին պատկանում կամ Թուրքիայի կողմից էին տրված Ադրբեջանին:

Նիկոլ հողատուին և իր շրջապատին շատ լավ հայտնի է նաև, որ նույն պատերազմի ընթացքում, 2020թ. սեպտեմբերի 29-ին հենց Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող և Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից օդ բարձրացած F-16 կործանիչն է խոցել Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, որի սպանված օդաչուի արյունը հիմա իրենք այսպես հեշտությամբ ուրանալով, կոտրում են մեր շատուշատ զինծառայողների ոգին` այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ պատերազմը ցանկացած պահի կարող է սկսվել:

Թշնամու հետ սիլիբիլիի պատրաստակամություն հայտնածներին շատ լավ հայտնի է նաև, որ Թուրքիան, նրա ռազմաքաղաքական ղեկավարությունը, զինված ուժերը քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ամենաանմիջական մասնակցությունն են ունեցել` հարյուրավոր հատուկջոկատայիններ, ռազմական խորհրդատուներ, ժամանակակից, շատ մեծ հնարավորություններով հետախուզական ինքնաթիռի թռիչքներ Հայաստանի սահմանի անմիջական հարևանությամբ, հայ- թուրքական սահմանի երկայնքով:

Եվ, հետևաբար, արդարացի զայրույթով հարցնում ենք` այդ ո՞ր պետության հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին են հայտնել Հայաստանի ոստիկանական բռնապետության կամ Նիկոլ հողատուի իշխանությունները… Ի՞նչ է` երկու Թուրքիա՞ կա… Թե՞ Թուրքիան մեկ տարում արդեն փոխվել է…

Հիշո՞ւմ եք ողջ Արցախը զոհաբերելու գնով, այնուհետև Ռուսաստանին մեղադրելով Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու պետական դավաճանների, ներքին թշնամիների գրեթե իրագործվող, բայց Պուտինի շնորհիվ նոյեմբերի 9-ին տապալված օպերացիան…

Այդ ազգադավ ծրագիրն ուներ ևս մեկ կարևոր բաղադրիչ. Արցախը պարտվողական պատերազմով Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս վիճելի խնդիր չէր լինի, և ոչ միայն հողատուի իշխանությունը, Թուրքիան նույնպես պատրաստակամ կլիներ իր և Հայաստանի միջև հարաբերությունների թվացյալ բարելավմանը, քանի որ Նիկոլն ու նիկոլենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ չեն ներկայացնում, առավել ևս    հանդես չեն գալիս պահանջատիրությամբ (դրամական կամ այլ բնույթի փոխհատուցում, բռնազավթված հայրենիքի թեկուզ մի մասի վերադարձ):

Դժվար չէ հասկանալ, որ այն պահից հետո, երբ հարաբերություններն արդեն թեկուզ խաբուսիկ կերպով բարելավված կլինեին, երկու երկրների միջև կծաղկեր առևտուրը, զբոսաշրջությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատված, դեսպանատներ բացված կլինեին, Նիկոլն ու նիկոլենք ավելորդ կհամարեին մեզ Թուրքիայից պաշտպանող 102-րդ ռազմաբազայի գոյությունը Հայաստանում, Ռուսաստանին կներկայացնեին այն այստեղից հանելու պահանջ: «Սասնա ծռեր», ներկայիս «Ազգային ժողովրդավարական բևեռ» կոչվածը և Հայաստանում այլ հակառուսական, սորոսական ուժեր այդ հարցում, անշուշտ, կօգնեին Նիկոլին ու նրա իշխանությանը: Ինչպես նշեցինք, այդ ծրագիրը չստացվեց, տապալվեց:

Եվ ի՞նչ է անում հիմա Նիկոլը… Կարծում եմ, փորձում է նույն նպատակին հասնել այլ կերպ. Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման Թուրքիայի պատրաստակամությանը հասնելու համար համաձայնել է Ադրբեջանին Նախիջևանի ու Թուրքիայի և Թուրքիային Ադրբեջանի հետ կապվելու համար Սյունիքով դե յուրե ճանապարհ տալուն, որը կարճ ժամանակ անց կվերածվի դե ֆակտո միջանցքի:

Համաձայնել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը ու դրանից հետո ստեղծվող նոր իրավիճակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, համապատասխան փաստաթղթերով ամրագրմանը, ինչն անուղղակիորեն նշանակում է Արցախի մնացած մոտ 25 տոկոսն էլ կարճ ժամանակում հանձնել Ադրբեջանին: Եթե Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակն ավելի մեծ չլինի և առաջիկայում Հայաստանի հետ գործնականում գնան սահմանագծման ու սահմանազատման քայլին, հարաբերությունների «բարելավում» լինի, «վերանա» Թուրքիայի թշնամությունը Հայաստանի նկատմամբ, ապա…

Այտեղ` Հայաստանում, ռուսական102-րդ ռազմաբազան մեր երկրից հանելու, այսինքն` մեզ գառան դիմակով գայլի դեմ անպաշտպան դարձնելու խնդիրն է դրվելու: Եվ եթե դրանից հետո այդ նույն գայլը ռազմական կամ այլ ճանապարհով մեզ չհոշոտեց` Հայաստանը դարձնելով առանց հայերի մի տարածք, Նիկոլի իշխանությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ է ներկայացնելու, 102-րդ ռազմաբազայի փոխարեն, այստեղ հայտնվելու են ՆԱՏՕ-ի ռազմաբազան, ՆԱՏՕ-ի ուժերը:

Պատահական չէ, որ, ըստ ԱԳՆ մամուլի քարտուղարի, ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Դրանից բխող խնդիրներն էլ ճարպկորեն գցել են Ռուսաստանի գրպանը.

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է Վահան Հունանյանը և ընդգծել, որ «ներկա պահին Թուրքիայի հետ որևէ բանակցություն չի վարվում»:

Իսկապե՞ս… Մենք ունենք հիմքեր` չհավատալու Թուրքիայի հետ որևէ բանակցություն չվարելու առնչությամբ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությանը, և առաջիկայում կանդրադառնանք դրանց: «Միջազգային գործընկերներ»-ի առնչությամբ էլ պարզ է, թե որ պետություններն են շահագրգիռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և վերոնշյալ հայադավ ծրագրի իրագործմամբ: Մասնավորապես` ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ում նրա որոշ դաշնակիցներ` գումարած, թերևս, Իսրայելը և Ուկրաինան:

Ինչ վերաբերվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի ասածին, թե միջազգային գործընկերների թվում նաև մեր դաշնակից Ռուսաստանն է հայտարարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու իր պատրաստակամության մասին, ապա իրականում նախաձեռնությունը գալիս է Հայաստանից, այդ հարցով աջակցելու խնդրանքով Նիկոլը կամ Նիկոլի իշխանությունն է դիմել Ռուսաստանին:

«Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև միջնորդական աջակցության համար»,- Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի կողմից վերոնշյալ տեղեկատվության հրապարակումից 2 օր հետո` նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ռուսաստանը, բնականաբար, չէր կարող հայտարարել, որ հրաժարվում է աջակցել… Քաղաքականությունը, ինչպես գիտեք, բարդ ու բավական կեղտոտ «գիտություն» է, որում խիստ հազվադեպ է անկեղծության համար տեղ լինում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան