Համոզված եղեք՝ շուտով նշված գործընթացների ագրեսիվ տեղեկատվական պատրաստությունը ավելի ակնհայտ կդառնա բոլորի համար

Հաշվի առնելով իշխանությունների վերջին հայտարարությունները և մշուշոտ «намёк»ները Արցախի հարցի կարգավորման գործընթացի իրենց տեսլականի վերաբերյալ, կարելի է բավականին վստահ ենթադրել (սակայն ինչո՞ւ ենթադրել), որ արդեն սկսել է հասարակական կարծիքի ձևավորման փուլը, առ այն, որ փորձ է արվելու Արցախի հիմնախնդիրը միջազգային օրակարգից տեղափոխել Ադրբեջանի «ներքին խնդիրների» իրավական տիրույթ։

Սա նշանակում է, որ ներկայիս իշխանությունները պատրաստվում են հրաժարվել Արցախի Հանրապետության լիարժեք անկախության հասնելու քաղաքականությունից և փաստացի տեղափոխելու են արցախյան հիմնախնդիրը Ադրբեջանի իրավական տիրույթ, ինչը նշանակելու է, որ Արցախի Հանրապետությունը ուղղակի վերանալու է, որպես հայկական քաղաքական գործոն։

Սա նաև լրջագույն հարված կլիկի ռուս խաղաղապահական առաքելության համար, քանզի այն ապագայում հիմք կդնի, որ Բաքուն օրերից մի օր պարզապես հրաժարվի Ռուսաստանի խաղաղապահներից՝ մատնանշելով, որ Հայաստանը ընդունում է Արցախի խնդիրը որպես Ադրբեջանի ներքին խնդիր, հետևաբար հայերը այլևս վտանգ չեն տեսնում և խաղաղապահների կարիք չկա։

Բայց դա կլինի հետո, իսկ հիմա իշխանավորները տարբեր իբր «խորամանկ» մեսիջներ են ուղարկում հասարակություն, որ կամաց-կամաց հող նախապարտաստեն այդ քայլի համար։

Իհարկե, ոչ ոք իշխանությունից չի գժվել, որ հենց հիմա ուղղակի հայտարարի, որ նախապատրաստվում են Արցախը դե յուրե հանձնել Ադրբեջանի տիրապետության տակ։

Եվ այսպես… եկեք պարզապես միասին հասկանանք, թե ի՞նչ են ասում իշխանությունները։

  1. Իշխանական պատգամավորների մակարդակով արդեն միտք է շահարկվում, որ, օրինակ, թեզը՝ «Առանց Արցախի չկա Հայաստան» վտանգավոր է։
  2. Հետևողական պտտացնում են մի գաղափար, որ ամենակարևորը «արցախցիների ֆիզիկական անվտանգությունն է», դրա հետ մեկտեղ ոչ մի կերպ չեն հստակեցնում, թե ինչո՞ւ անվտանգության թեզին զուգահեռ՝ չի խոսվում Արցախի անվտանգային համակարգի գոյատևման քաղաքական կառուցվածքի մասին։
  3. Խոսվում է, ավելի ճիշտ մանիպուլացվում է մի թեզ, որ այո, ազգերի ինքնորոշման խնդիրը լինելու է բանակցային սեղանին, սակայն ոչ մի կերպ չեն հնչեցվում, որ Արցախի դեպքում անվտանգության երաշխավորելու մասով կարելի է խոսել միայն ինքնորոշման բարձրագույն ձևաչափի, անվերապահ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ներքո։

Պարզապես, որ հասկանալի լինի, ապա օրինակ Արցախի համար՝ «մշակույթային ինքնորոշումը» Ադրբեջանի կազմում նույն կերպ «ազգերի ինքնորոշման» մոդելներից մեկն է։

  1. Բազմաթիվ անգամներ դաշտ է նետվում մի աբսուրդային և շինծու թեզ, իբր Հայաստանը շատ վաղուց ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Այս աբսուրդը այնքան անհեթեթ է և սուտ, որ պարզապես ապշում ես, թե որքա՞ն կարելի է չհարգել սեփական ժողովրդին, որ փորձեն այսպես պրիմիտիվ ձևաչափով «тупо» խաբել։

Ես ենթադրում եմ, որ սրանք հղում կանեն օրինակ ՄԱԿ-ի կամ ԱՊՀ-ի մեր և ադրբեջանցիների համատեղ անդամակցության փաստի վրա, սակայն կրկնեմ, որ առայժմ բնության մեջ գոյություն չունի իրավական փաստաթուղթ, որը կարելի է ուղիղ դիտարկել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման ապացույց։

Ճիշտ է, մեզ կրկին փորձելու են մի կողմից խաբել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունելու պարագայում դա չի ազդի Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա, մյուս կողմից վախեցնելու են, որ եթե չընդունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը , ապա նա իր հերթին չի ընդունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կսկսի պատերազմ և Ադրբեջանը կզավթի մեր տարածքները։

Այնինչ, իրողությունը հետևյալն է՝ ընդունե՞նք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (այսինքն վերջնականապես գցեք Արցախը թուրքի երախը), թե՞ չընդունենք, Ադրբեջանը միևնույն է՝ կսկսի նոր պատերազմ մեր դեմ (քանզի Հայաստանի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի ռազմաքաղաքական դոկտրին), պարզապես այս պարագայում իսպառ կվերանա արցախյան գործոնը քաղաքական առումով։

Իհարկե, պատերազմը կարելի է կանխել, սակայն դա անհնարին է, եթե իշխանությունները չփոխեն 180 աստիճան իրենց ադրբեջանահաճո և պարտվողական քաղաքականությունը, իսկ դա, կարծում եմ, իրենց պարագայում անհնարին է։

Այնպես որ համոզված եղեք՝ շուտով բոլոր վերը նշված գործընթացների ագրեսիվ տեղեկատվական պատրաստությունը ավելի ակնհայտ կդառնա բոլորի համար։

Հա, կրկնեմ բոլոր «Ապագա Կա»-ի երկրպագուներին, եթե իշխանությունները շարունակեն իրենց քաղաքականությունը այնպես, ինչպես անում են դա հիմա, Արցախի իրավական կորուստը և մեծ պատերազմը Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից