Սա էլ կոչվելու է 10-ի դատ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրառում է կատարել այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստից:

«Սա էլ կոչվելու է 10-ի դատ։ Տղերքը դատվում են այս իշխանությունների ու Փաշինյանի ձեռքի գործիք դատախազության կողմից, քանի որ խիզախություն են ունեցել ի շարս հազարավոր այլ քաղաքացիների, ՀՀ գլխավոր դատախազության դեմ բողոքել Սյունիքում իրավական ամենաթողության ու տասնյակ սյունեցիների բերման ենթարկելու դեմ։ Չեն ընկրկելու մեր ընկերները, քանի որ կա դիմադրություն…»,- գրել է նա՝ հրապարակելով դատական նիստից լուսանկար։

Նշենք, որ դատվող տղաների թվում է նաև պատգամավորի որդին՝ Տարոնը։

Գործով ամբաստնյալ են համարվում Արսեն Իշխանի Վարդանյանը, Էմանուել Նորմանդի Սինանիին, Նարեկ Արամի Վերդյանը, Արշակ Աշոտի Սարգսյանը, Սարգիս Եղիազարի Կարապետյանը, Տարոն Գեղամի Մանուկյանը, Մեսրոպ Մնացականի Եղիազարյանը, Աշոտ Հայկազի Հովհաննիսյանը, Բագրատ Նորիկի Եսայանը, Նարեկ Նահապետի Մանթաշյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալի վերաբերմունքով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ամբաստանյալներից երեքի բացակայության պայմաններում այսօրվա նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշանակեց դեկտեմբերի 8-ին ժամը 11։30-ին։