Լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում, որ այս իրավիճակի հետ կապված գլխավոր խնդիրը՝ ՀՀ տարածքների օկուպացիայի թեման, երկրորդ–երրորդ պլան մղի։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ես չեմ համարում՝ իրավիճակը ամբողջովին հանգուցալուծված է, լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ, և կարծում եմ, որ բացի այն, որ անելիքներ ունենք դաշնակից գործընկերների հետ, ըստ էության, ՀՀ-ն մեծ անելիքներ ունի անվտանգային իր բաղադրիչը վերականգնելու առումով»,–ասաց նա։
Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման հարցին, Տիգրան Աբրահամյանը նշեց․«Եթե Ադրբեջանի այս վարքագիծը շարունակվի, և միաժամանակ շարունակվի ՀՀ իշխանությունների այս անարժանապատիվ կեցվածքը, 1–2 տարի Ադրբեջանը առհասարակ դելիմիտացիա և դեմարկացիա անելու անհրաժեշտություն չի էլ ունենալու, քանի որ այն խնդիրները, որոնք փորձում է լուծել թվացյալ բանակցությունների միջոցով, ըստ էության, ուժի կիրառման միջոցով դրանք լուծում է»։