Հանրային բաց տարածքներում շնչադիմակի պարտադիր կրման պահանջի առնչությամբ հայց է ներկայացվելու Անահիտ Ավանեսյանի դեմ. 6
Սկիզբը` այստեղ
«ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածի կայքում հոկտեմբերի 30-ին հրապարակվեց մի տեղեկատվություն , ըստ որի, «ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում»:
Պաշտոնական նույն տեղեկատվության մեջ նշված է նաև, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են «Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ», «քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ»:
Նշված են ևս մի քանի պայմաններ, որոնց բացակայության դեպքում, ըստ Հայաստանի ոստիկանական բռնապետության առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի հրամանի, 5-ից բարձր տարիքի երեխաները նույնպես պետք է պարտադիր դիմակ կրեն, հակառակ պարագայում` նրանց ծնողներին, խնամողներին սպասվում է տուգանք:
Սակայն նույն Ավանեսյանի այնքան սիրած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2020թ. դեկտեմբերի 1-ի հանձնարարականն անդրադառնալով երեխաների կողմից դիմակների օգտագործման խնդրին, նշում է, որ «Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել թուլացած իմունիտետով երեխաներին, մուկովիսցիդոզով կամ մի քանի այլ հիվանդություններով (օրինակ, քաղցկեղային) պացիենտներին, ինչպես նաև ցանկացած տարիքի երեխաներին` զարգացման արատներով, հաշմանդամություն կամ առողջական այլ խանգարումներ ունեցող, որոնք խոչընդոտում են դիմակներ կրելը»:
Ինչպես ակնհայտ է, ԱՀԿ-ն երեխաների թուլացած իմունիտետը, քաղցկեղային հիվանդությունները և վերոնշյալ մյուս հանգամանքները նույնպես, ըստ էության, հակացուցում է համարել երեխաների կողմից դիմակներ կրելու համար` անհրաժեշտ համարելով տվյալ խնդրին առանձնահատուկ ուշադրություն դարձնել, մինչդեռ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանն իր խնդրո առարկա հրամանն արձակելով, հանձնարարականում նշվածն անտեսել է:
ԱՀԿ հանձնարարականում նշված են նաև դիմակներ կամ ռեսպիրատորներ օգտագործելիս հնարավոր վնասները կամ ռիսկերը, որոնք կարող են պայմանավորված լինել հետևյալ պատճառներով`
- դիմակի (ռեսպիրատորի) աղտոտում (ախտահարում)` վարակված ձեռքերով դիպչելու հետևանքով (անկախ նրանից` դիմակը բժշկակա՞ն է, թե ոչ բժշկական.- Ա. Հ.),
- ինքնավարակվելու հավանականություն այն դեպքում, երբ թաց, աղտոտված կամ վնասված ոչ բժշկական դիմակը չի փոխարինվում. կամ եթե այն հաճախ է շոշափվում (ուղղվում) երկար ժամանակ կրելու ընթացքում (շատերին այսօր թվում է, թե իրենք կրում են բժշկական դիմակներ, բայց դրանք հիմնականում ոչ բժշկական /վիրաբուժական/ դիմակներ են.- Ա. Հ.),
- Անվտանգության կեղծ զգացում, որը կարող է հանգեցնել անտեսելու այլ ճանաչված կանխարգելիչ միջոցառումներ, ինչպիսիք են անվտանգ հեռավորությունը և ձեռքերի հիգիենան. ինչպես նաև հակում ռիսկային վարքագծին,
- մի քանի ժամ հաճախակի օգտագործմամբ` մաշկի վնասվածքների, գրգռվածության հետևանքով առաջացած դերմատիտի կամ պզուկների սրման հավանականություն,
- անհանգստություն, դեմքի ջերմաստիճանի փոփոխություն և գլխացավի առաջացում՝ կապված դիմակ կրելու հետ:
Ընդգծենք, որ հենց այս բոլոր ռիսկերին էլ միաժամանակ ենթարկվում և հենց այս բոլոր վնասներն էլ միաժամանակ կրում է Հայաստանի բնակիչների մեծ մասը, դրա համար էլ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերը` որպես նաև հետևանք Ավանեսյանի հրամանով դիմակների առավել զանգվածային կրման (ոչ միայն փակ տարածքներում, այլև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում) պարտադրանքի, խթանվել- ավելացել են ու դեռ ավելանալու են, քանի դեռ նրա խնդրո առարկա հրամանն ուժը կորցրած չի ճանաչվել: Բնականաբար, ավելանալու են նաև մահվան դեպքերը (աո՜ւ, երկրում ԱԱԾ կա՞, թե մեռած կամ լրիվ ոչնչացված է…):
Հարկ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ հիմա խորը աշուն է, առջևում ձմեռն ու գարունն են, այսինքն` ավելանալու է տեղումներով ուղեկցվող խոնավ օրերի քանակը, որի հետևանքով թացացած ոչ բժշկական դիմակը չորով չփոխարինած (օրինակ, անձրևի կամ ձյան տեղումների հետևանքով թացացած դիմակը փոխարինել չհասցրած և այն կրելով, հասարակական տրանսպորտ բարձրացած) բազմահազար մարդիկ ենթարկվելու են ինքնավարակման ռիսկի:
Արթուր Հովհաննիսյան