Հանրային բաց տարածքներում շնչադիմակի պարտադիր կրման պահանջի առնչությամբ հայց է ներկայացվելու Անահիտ Ավանեսյանի դեմ. 5

Սկիզբը` այստեղ 

 

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Անահիտ Ավանեսյանը չէր կարող ու չի կարող իրականությունից կտրված, նույնիսկ ծայրաստիճան կտրված լինել, իսկ եթե իրականությանը տեղյակ լինելով, այն հաշվի առնելով հանդերձ է Հայաստանի բնակչությանը պարտադրել ու պարտադրում  ս. թ. նոյեմբերի 1-ից բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս, հանրային բաց տարածքներում դիմակ կրել, ապա նույն բնակչության առողջության նկատմամբ թույլ է տալիս հանցագործություն:

Հայաստանի ոստիկանական բռնապետությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ու մահվան դեպքերի աճի համար պատասխանատու են նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, որը հանցավոր անգործություն դրսևորելով, առ այսօր չի կայացրել վերոնշյալ պահանջը ներկայացնող Անահիտ Ավանեսյանի հրամանն ուժը կորցրած ճանաչող որոշում: Պատասխանատու են նաև ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության, ՀՔԾ-ի համապատասխան պաշտոնյաները, որոնք ազգային անվտանգությունը, պետական շահերի պաշտպանությունն ապահովելու, Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները կատարելու փոխարեն, Նիկոլի կամակատարների վերածված, նույնպես հանցավոր անգործություն են դրսևորում:

Ի՞նչ է, Նիկոլից ու Ավանեսյանից մինչև վերոնշյալ իրավապահ մարմինների ղեկավարներ, համապատասխան աշխատակիցներ, չգիտե՞ն, որ երբ գրեթե ողջ բնակչությանը ներկայացվում է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս, հանրային բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պահանջ, չկրողներն էլ տուգանքի ենթակա են դարձվում, դիմակ գնելու համար, ի տարբերություն նախկինի, անհամեմատ մեծ թվով մարդիկ եմ մտնում դեղատներ` դրանից կանխատեսելի հետևանքներով հանդերձ…

Չգիտե՞ն նաև, որ դեղատների աշխատողներն այդ բազմահազար մարդկանց դիմակները վաճառում են չախտահանված ձեռքերով դիմակը վերցնելով ու տալով նրանց, և որ դիմակի յուրաքանչյուր վաճառքից առաջ հնարավոր չէ ձեռքերն ախտահանել: Չգիտե՞ն, որ դեղատների վաճառողների ձեռքերին կորոնավիրուսների առկայության հավանականությունն անհամեմատ մեծ է COVID-19-ով հիվանդներից կամ նրանց խնամողներից, ընտանիքի անդամներից (այդ թվում նաև` վարակված, բայց ախտանիշներ չունեցող, ոչ հիվանդ և իրենց վարակված լինելու մասին անտեղյակ) թղթադրամներ ու մետաղադրամներ վերցնելու պատճառով:

Ավելին. քանիցս ականատես եմ եղել, վերջին անգամ` հենց երեկ, թե ինչպես են հասարակական տրանսպորտ բարձրացած ուղևորներն, առանց իրենց ձեռքերն ախտահանելու, պայուսակից կամ գրպանից հանում դիմակը և հագնում այն` մատներով դիպչելով դեմքին, այն էլ` քթի ու բերանի շրջանում:

Այո, «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածից կարող են ասել, որ այդ մարդիկ պետք է դիմակ կրեին մինչև հասարակական տրանսպորտ բարձրանալը, որպեսզի տրանսպորտում չախտահանված ձեռքերով չդիպչեին դրան: Բայց չէ՞ որ իրականությունը բոլորովին այլ է, ոստիկանության նույնիսկ ներկայիս ուռճացված թվաքանակն էլ բացարձակապես անբավարար է վերահսկելու և անկարող է ապահովելու, որ բոլոր մարդիկ փողոցում, մինչ հասարակական տրանսպորտ բարձրանալն էլ դիմակով լինեն:

Ոմանք կարող են ասել նաև, թե հասարակական տրանսպորտում ալկոգել կա, թող ձեռքերն ախտահանեին մինչ դիմակին ձեռք տալը: Բայց չի կարելի անտեսել, որ ոչ բոլորում կա, մի մասում էլ միայն դատարկ տարաներն են: Բացի այդ, Երևանում երթուղային միկրոավտոբուսները, ավտոբուսները հաճախ այնքան գերբեռնված են լինում, որ դրանցում դժվար է լինում ալկոգելին հասնելը, ավելին` ձեռքերի ախտահանումը չվարակվելու առումով դառնում է անիմաստ, քանի որ նստելու հնարավորություն չունեցող ուղևորը ձեռքերն ախտահանելուց հետո ստիպված է բռնել ինչ-որ բանից, որին մինչ այդ չախտահանված, հնարավոր է, վիրուսակիր ձեռքերով ձեռք են տվել տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ ու դրանք վերածել ֆոմիտների` կենսունակ վիրուսային մասնիկներով ախտահարված առարկաների:

Մեկ այլ օրինակ. Ավանեսյանի համապատասխան հրամանով մարդիկ դիմակ կրելու պարտավորությունից ազատված են ծխելու, սնվելու, խմելու ընթացքում և մի քանի այլ դեպքերում: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Դրսում աշխատող կամ դրսում գտնվող բազմահազար մարդիկ (բանվորներ, վաճառականներ, վարորդներ և այլք) օրվա ընթացքում թեկուզ միայն ծխելու համար դիմակը, ասենք, տասը և ավելի անգամներ հանում- դնում են չախտահանված ձեռքերով: Սա զանգվածային, համատարած բնույթ ունի, բացառությունները չնչին են, և անկախ նրանից, թե բնակչությանն ինչ կոչեր են արվել նախկինում և արվում հիմա, սա է անժխտելի իրականությունը, որի հետ չէր կարելի ու չի կարելի հաշվի չնստել:

Վերոշարադրյալից հետո ո՞վ կարող է հիմնավորել, որ այդ դիմակները` դեղատների վաճառողների չախտահանված ձեռքերից գնված, չախտահանված ձեռքերով տրանսպորտում և այլուր դրված- հանված,  տվյալ անձանց համար ավելի շատ պաշտպանական միջոց են, քան վարակման…

Ո՞վ կարող է հիմնավորել, որ անհրաժեշտ ու նույնիսկ պարտադիր այլ պայմանների չապահովման պարագայում և այդ իրականության անտեսմամբ պարտադրելը, որ մարդիկ դիմակներ կրեն, չի ունենում հենց հակառակ հետևանքը` խթանում համավարակի տարածումը, հանգեցնում վարակման նոր, ինչպես նաև մահվան դեպքերի աճի: Ոչ ոք չի կարող հիմնավորել: Մինչդեռ կարող ենք պնդել, որ վերը նշված պայմաններում դիմակներն ավելի շատ վերածված են վարակման աղբյուրի, վարակման միջոցի, քան հանդիսանում են պաշտպանական միջոց, ավելին` պատրաստ ենք հրապարակավ ապացուցել այս պնդումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր 2020թ. դեկտեմբերի 1-ի հանձնարարականով հանձնարարել է դիմակներ կրել, բայց տվյալ փաստաթղթով զուգահեռաբար հանձնարարել է նաև բացառել դրանց ձեռք տալը չախտահանված ձեռքերով: Քանի որ ԱՀԿ-ի այս հանձնարարականը զանգվածաբար չի կատարվում, ապա վերը նշված հանձնարարականներից առաջինի կատարումը, ինչն իր հրամանով պարտադրել է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը, ոչ միայն անիմաստ է, այլև չկրելուց ոչ պակաս, եթե ոչ ավելի վտանգավոր, իսկ նշված իրողությունների անտեսմամբ դիմակներ կրելը պարտադրող հրաման արձակելը` հանցագործություն բնակչության առողջության և երկրի ազգային անվտանգության նկատմամբ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան