Հանրային բաց տարածքներում շնչադիմակի պարտադիր կրման պահանջի առնչությամբ հայց է ներկայացվելու Անահիտ Ավանեսյանի դեմ. 4
Սկիզբը` այստեղ
Չգիտենք պատահականորեն թե ոչ պատահականորեն, մեր ձեռքի տակ հայտնվեց նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Անահիտ Ավանեսյանի այնքան սիրած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Դիմակներ COVID-19-ի պայմաններում» վերտառությամբ ժամանակավոր հանձնարարականը (1 դեկտեմբերի, 2020 թ.):
Հիշյալ փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ավանեսյանն իր 2020թ. սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանը փոփոխող հրամանն արձակել և Հայաստանի բնակչությանը ս. թ. նոյեմբերի 1-ից բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս, հանրային բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման պահանջ է ներկայացրել ԱՀԿ նաև տվյալ փաստաթղթում առկա որոշ հանձնարարականների, ինչպես նաև հայաստանյան իրականության վտանգավոր անտեսմամբ: Այս փաստարկը նույնպես ներառվելու է նախարարի պաշտոնը զբաղեցնողի դեմ նախապատրաստվող դատական հայցում:
ԱՀԿ վերոնշյալ հանձնարարականի սկզբում նշված է, որ այն 2020թ. հունիսի 5-ին հրապարակված հանձնարարականի թարմացված հրատարակությունն է և ներառում է նոր գիտական տվյալներ 2019թ. կորոնավիրուսային վարակ (COVID-19) հարուցած SARS-CoV-2 վիրուսի տարածման դեմ պայքարում դիմակների օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք գործնական նկատառումներ։ Այն ներառում է փաստական թարմացված տվյալներ և հանձնարարականներ դիմակի շահագործման և խնամքի, վարակի զանգվածային տարածում ունեցող, ինչպես նաև հիվանդության խմբային դեպքերով վայրերում բնակչության կողմից դիմակների օգտագործման և այլնի վերաբերյալ:
Հիմնական դրույթների թվում նշված է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս կիրառել դիմակներ COVID-19 հիվանդություն հարուցող SARS-CoV-2 վիրուսի տարածումը կանխելու և վերահսկելու միջոցառումների համալիր փաթեթի շրջանակում: Նույնիսկ ճիշտ օգտագործման դեպքում, միայն դիմակ կրելը բավարար չէ պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովելու կամ վարակի աղբյուրը վերահսկելու համար: Վարակման կանխարգելման և վարակի վերահսկման այլ միջոցառումները ներառում են ձեռքերի հիգիենան, առնվազն 1 մետր անվտանգ հեռավորության պահպանումը, դեմքին դիպչելը բացառելը, շնչառական վարվելակարգի պահպանումը, փակ տարածքներում համապատասխան օդափոխության ապահովումը, թեստավորումը, շփման հետագծումը…»։
Մեր բոլորի աչքերի առջև հազարավոր մարդիկ հանրային բաց տարածքներում վերուվար անելով ու նույնիսկ հանել-դնելով իրենց շնչադիմակը, օրվա ընթացքում տասնյակ անգամներ դիպչում են դեմքին, ընդ որում, խախտելով նաև հանձնարարականի մյուս` ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջը, այսինքն` իրենց շնչադիմակին ու դեմքին դիպչում են չախտահանված ձեռքերով, մինչդեռ ԱՀԿ տվյալ փաստաթղթով հանձնարարվում է ընդհանրապես բացառել դեմքին դիպչելը: Ավանեսյանի կողմից այս իրողությունն անգիտությամբ կամ դիտավորությամբ անտեսելու հետևանքով հանրային բաց տարածքներում շնչադիմակի պարտադիր կրումը ոչ միայն կորցնում է իր իմաստը, չի ծառայում իր նպատակին, այլև հակառակ արդյունքն է տալիս` խթանելով վարակի տարածումը, հիվանդության ու մահվան դեպքերի աճը:
Վերոնշյալից բացի, չեն կատարվում նաև, օրինակ, փակ տարածքներում համապատասխան օդափոխության ապահովման (փակ տարածքներից շատերում այդ օդափոխությունն ապահովված չէ), թեստավորման (կորոնավիրուսային հիվանդության առանձին ախտանիշ /ախտանիշներ/ կամ կասկած ունեցող անձանց անվճար թեստավորման) և ԱՀԿ-ի այլ հանձնարարականներ, առանց որոնց համալիր կատարման, ըստ ԱՀԿ-ի, հնարավոր չէ ապահովել պաշտպանության պատշաճ մակարդակ կամ վերահսկել վարակի աղբյուրը:
Բնակչության կողմից կենցաղային պայմաններում դիմակների կրման առնչությամբ ԱՀԿ-ն բնակչությանը հանձնարարել է SARS-CoV-2 վիրուսի հարուցած վարակի տարածման հաստատված կամ ենթադրյալ զանգվածային բնույթ ունեցող շրջաններում կամ հիվանդության դեպքերի խմբերում օգտագործել ոչ բժշկական դիմակներ, երբ նրանք գտնվում են փակ տարածքում (օրինակ՝ խանութ, ընդհանուր աշխատատեղ, ուսումնական հաստատություն) կամ «փողոցում, եթե անհնար է պահպանել առնվազն 1 մետր անվտանգ հեռավորություն» (ընդգծումը` մերը):
Բնականաբար, հարց է առաջանում` երբ փողոցում հնարավոր է պահպանել առնվազն 1 մետր անվտանգ հեռավորություն, ինչո՞ւ պարտադիր կրել դիմակ… Առավել ևս` ինչո՞ւ պարտադիր դիմակ կրել զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային բացօթյա վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների ընթացքում և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցելիս (երբ միանշանակ հնարարավոր է ոչ միայն նվազագույնը 1, այլև 2 և ավելի մետր անվտանգ հեռավորության պահպանումը), ինչը բխում է Ավանեսյանի խնդրո առարկա հրամանից:
Ըստ ԱՀԿ հիշյալ հանձնարարականի, 6-ից 11 տարեկան երեխաների համար դիմակ կրելու որոշումը պետք է հիմնված լինի ռիսկերի վերլուծության վրա. ռիսկի վրա հիմնված մոտեցումը պետք է հաշվի առնի նաև «երեխայի՝ դիմակի օգտագործմանը պատշաճ կերպով հետևելու կարողությունը և չափահասի՝ պատշաճ վերահսկելու կարողությունը, տեղական սոցիալական և մշակութային առանձնահատկությունները»:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողն իր հրամանով անտեսել է նաև վերոնշյալ կարողությունները և առանձնահատկությունները` ս. թ. նոյեմբերի 1-ից բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս, հանրային բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման պահանջ ներկայացնելով նույնիսկ 5-ից բարձր տարիքի երեխաներին:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան