Բա բերեք մի հատ էլ այլընտրանքային գյուղեր ու քաղաքներ կառուցենք․ Արման Թաթոյան

Այսօր մամուլի ասուլիսին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց  ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում ապառազմականացված անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտութունը և նոր արտահերթ զեկույցը, որտեղ ապացույցներով հիմնավորված են Ադրբեջանի հանցավոր արարքները։ Այն կուղարկվի պետական մարմիններին ու միջազգային կազմակերպություններին։

«Մենք բացառապես փաստերով հիմնավորել ենք ադրբեջանական կողմի հանցավոր, ահաբեկչական բնույթի արարքները։ Ցույց ենք տվել կապը Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության ու շարունակվող խախտումների միջև»,- նշեց ՄԻՊ-ը։

«Մենք հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի, որ ադրբեջանական զինվորները, դրոշները, տարբեր սարքավորումներ, տեսախցիկներ պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից»,- ասաց Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ

առանց դրա չի կարող լինել Սյունիքի, Գեղարքունիքի գյուղերի բնակիչների բնականոն կյանքի իրավունքի վերականգնում։

«Դա պետք է լինի ոչ թե մեր հաշվին։ Նրանք պետք է հեռանան։ Ադրբեջանական զինվորների բոլոր տեղակայումներն անխտիր անօրինական են։ Նրանք հայտնվել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին պատերազմի սպառնալիքների ներքո առանց մասնագիտական աշխատանքերի ու վերլուծությունների։ Ավելին, դեմարկացիայի ու դելիմիտացիայի բացակայության պայմաններում հիմք չեն ընդունվել միջազգային չափանիշները, մինչդեռ պետք է ուսումնասիրվեին կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման հարցերը։ Մենք ունենք դեպքեր, երբ Խորհրդային Միության տարիներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են ադրբեջանցիներ»,-ասաց Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ միջազգային հստակ պահանջ է՝ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան չի կարող համարվել լեգիտիմ, եթե չի ապահովում մարդու իրավունքները, չի համապատասխանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության կանոններին և չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը։ «Մենք ասում ենք, որ կառուցում ենք այլընտրանքային ճանապարհ, բայց մենք ինչի՞ ենք հրաժարվել միանգամից այդ մեր ճանապարհից ու դեռ ասում ենք, որ եթե Ադրբեջանը ասում է դա մերն է՝  բերեք այլընտրանքային ճանապարհներ կառուցենք։
Բա բերեք մի հատ էլ այլընտրանքային գյուղեր կառուցենք, եկեք այլընտրանքային քաղաքներ կառուցենք։ Այո՛, ճանապարհ կառուցենք անվտանգության համար, բայց ոչ նրա համար, որ Ադրբեջանը պահանջ է ներկայացրել,–ասաց նա։- Մանրակրկիտ ուսումնասիրել ենք քարտեզները և ադրբեջանական իշխանությունները միշտ օգտագործել են էթնիկ գործոնը՝ տարածքներ բռնազավթելու համար, ասել են՝ այստեղ ադրբեջանցիներ են ապրում, ուրեմն դա ադրբեջանական տարածք է»։