Քննարկվում է Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը․ աշխատակազմի ղեկավար

Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը։ Երբ լուծումները լինեն, դուք դրա մասին անմիջապես կիմանաք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Հարցին` ինչու հենց Տիգրան Ավինյանը, Հարությունյանը պատասխանեց. «Ավինյանը քաղաքական թիմի անդամ է, և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք Հայաստանի շահերը լավագույնս կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»։

Անդրադառնալով Ավինյանի` քաղաքականությունը ձեռներեցությունից տարանջատելու հայտարարությանը, Հարությունյանը ասաց. «Նա շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ, շարունակում է մնալ վարչության անդամ։ Դուք տեսել եք, որ վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել, այնպես, որ խորհուրդ կտամ մութ էջեր չփնտրել այդ հայտարարության մեջ»: