Ռուսաստանը 2 մշտական ​​ավիաբազա կկառուցի Սիրիայի հյուսիսում

Քրդալեզու լրատվամիջոցները Twitter-ում հայտնել են, որ Ռուսաստանը պատրաստվում է երկու խոշոր ավիաբազա կառուցել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, ռուսները պատրաստվում են դա անել՝ ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու համար։

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը հայտարարել է, որ ամերիկյան ռմբակոծիչները չեն կարողանում ոչնչացնել Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը Սիրիայում։

Լրատվական այլ աղբյուրներ հայտնել են նաև, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 20 կործանիչ։

Լեհական «Վարշավայի ինստիտուտ» վերլուծական կենտրոնը վերջերս վերլուծության մեջ գրել էր, որ Ռուսաստանը ատոմային ռմբակոծիչներ է տեղակայել Սիրիայում «Հմեյմիմ»  ավիաբազայում՝ նշելով, որ Ռուսաստանն այժմ սպառնալիք է ՆԱՏՕ-ի հարավային թևի համար:

Լեհական վերլուծական կենտրոնները հավելել են, որ ակնկալվում է, որ Ռուսաստանը կսկսի իր ամենասադրիչ պարեկային թռիչքները Միջերկրական ծովի վրայով։