Ի՞նչ է արել, օրինակ, Շուշիի աշխարհազորը, որ աշխատավարձ է ստացել․ շուշեցի

Բռնի տեղահանվածների սոցիալական ծրագրերը խայտառակ ձևով են իրականացվում։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում  մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ  կազմակերպված՝ «Արցախի Հանրապետությունում բնակվող, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և այլ խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկմանն ասաց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանը:

Նրա խոսքով, ականատես են եղել և լսել են տեղահանվածներից, որ շատ մարդիկ,  որոնք տարիներ շարունակ չեն ապրել հենց Քաշաթաղի շրջանում, շատ ծրագրերից են կարողացել օգտվել, մինչդեռ կան մարդիկ, որոնք մինչև վերջին պահը մնացել են Քաշաթաղում,  այսօր չեն կարողանում շահառու դառնալ այդ ծրագրերին:  Կ. Մովսիսյանն ասաց, որ համապատասխան կառույցներից չեն կարողանում ստանալ հարցերի պատասխանները, քար լռություն է,  բացարձակ չեն արձագանքում:

«Այսօր խախտված են բոլոր տեղահանվածների իրավունքները, ամենացավալին այն է, որ խախտված է հենց մեր ապրելու իրավունքը: Նոր իրավիճակում ենք հայտնվել անկախ մեր կամքից»- ասաց նա՝ ընդգծելով, որ հնարավոր չէ առանց պետական  ծրագրի առաջ գնալ: Նրա խոսքով՝ սկզբունքային է կարգավիճակի հարցը. «Չեմ  պատկերացնում, թե ինչպես պետք է լինի, երևի իրավաբանական հարց է, բայց որ պետք է ունենանք ինչ-որ կարգավիճակ, միանշանակ է»:

«Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչության» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանն ասաց, որ իրենց բնակչության առջև ծառացած էր ընդամենը մեկ խնդիր՝ մարդկանց պետք է ապահովեին կացարաններով։

«Մենք ի՞նչ տեսանք: Տեսանք՝ եկած առանց այն էլ սուղ միջոցների փոշիացում:  Հարց է ծագում՝ ի՞նչ է արել, օրինակ, Շուշիի աշխարհազորը, որ աշխատավարձ է ստացել: Շուշին  հանձնել է, ուրիշ ոչ մի բան չի արվել: Ինչի՞ համար է ինքն աշխատավարձ ստացել, փոխանակ այդ  մարդիկ պատժվեն»,- նշեց նա:

«Ի՞նչ է նշանակում․ այն մարդիկ, որոնք հանձնել են Արցախի տարածքներն ու այսօր հայրենասեր են խաղում, ասում են՝ եկեք, բնակվեք Արցախում: Ո՞ւմ եք ասում՝  եկեք բնակվեք: Ամբողջ ստեփանակերտցիները փախել, եկել են Երևան, տներ են առել: Չեմ հասկանում, թե ինչ գներ են սահմանված Ստեփանակերտում տների համար։ Կատարվում է թալան, փախստական ժողովրդի թալան։ Եկեք գնանք Ստեփանակերտ, տեսնենք, թե քանի ստեփանակերտցի ենք հանդիպում ճանապարհին, հադրութեցիներ են, շուշեցիներ, մարտունեցիներ: Կարելի է մի քանիսին հանդիպել,  այն էլ ում հանդիպում ես՝ եկել է այդ պահին տան վարձը վերցնի ու գնա: Պետք է պարզել՝ ո՞վ է այդ ամենը ղեկավարում:

Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ եթե դու գաս Ստեփանակերտ, քեզ տուն եմ տալու, չգաս՝ չեմ տալու:

Կամ՝ հադրութցուն դուք հարցրե՞լ եք, որ հանձնել եք Հադրութը, հիմա էլ ասում եք՝ եկեք Ստեփանակերտ: Նրանց համար կապ չունի Երևանի կամ Ստեփանակերտի Աջափնյակը, իրենց Հադրութն են ուզում»,- հարցադրումներ հնչեցրեց շուշեցին:

«Հանդիպել ենք Արցախի Հանրապետության նախագահին, հարցում ենք՝ անվտանգության ի՞նչ երաշիքներ ունեք: Ասում է՝ ռուսական զորք:

Քեզ ասել են՝ բանակը ցրի, ցրում ես: Ո՞վ է քեզ թույլ տվել բանակը ցրել: Ասում է՝ Ադրբեջանը: Ասում ենք՝ Ադրբեջանը ղալլաթ է անում, գլուխն էլ պատերով է տալիս, դու քո բանակը պահում ես»,- ասաց Ա. Հարությունյանը: