Ապահովել ՄԻՊ-ի բյուջեի անկախության երաշխիքները․ Վենետիկի հանձնաժողով

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր նոր կարծիքը՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին վերաբերող օրենսդրության վերաբերյալ:
Այն պատրաստվել է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի խնդրանքով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան պարոն Թաթոյանը 2021 թվականի մարտի 17-ի նամակով խնդրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ ՄԻՊ անձնակազմի անկախությանն առնչվող Հայաստանի օրենսդրության վերաբերյալ՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների միջազգային չափանիշների նկատմամբ: Կարծիքը ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, որը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 15-16-ին։

ՄԻՊ-ը Վենետիկի հանձնաժողով էր դիմել՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծի հետ։
Հիշեցնենք, որ Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը:

Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ առ այն, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն: Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի Պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։

Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ անձնակազմի անկախությունը ՄԻՊ ինստիտուտի առանցքային տարրն է։ Այն հղում է կատարում ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին բանաձևին, որում շեշտվում է այս հաստատությունների ֆինանսական և վարչական անկախության և կայունության կարևորությունը։ Այն նաև բարձր է գնահատում այն պետությունների ջանքերը, որոնք տրամադրել են իրենց օմբուդսմենին ավելի շատ ինքնավարություն և անկախություն։

Բանաձևը խրախուսում է անդամ պետություններին՝ օմբուդսմենին և միջնորդ հաստատություններին օժտել անհրաժեշտ սահմանադրական և իրավական օրենսդրական դաշտով և համարժեք ֆինանսական աջակցությամբ՝ իրենց լիազորությունների արդյունավետ և անկախ իրականացումը ապահովելու համար:

Վենետիկի հանձնաժողովը նշում է «Փարիզյան սկզբունքները», որոնք ևս երաշխիքներ են տրամադրում կառույցի անխափան աշխատանքի համար, մասնավորապես`համապատասխան ֆինանսավորումը: Այս ֆինանսավորման նպատակը պետք է լինի հնարավորություն ընձեռելը, որ այն ունենա իր աշխատակազմն ու տարածքը՝ Կառավարությունից անկախ լինելու և ենթակա չլինի ֆինանսական վերահսկողության, որը կարող է ազդել նրա անկախության վրա:

Նշվում է, որ ԵԽ Նախարարների կոմիտե առաջարկությունները (2019 և 2021թթ․-ներին)  անդամ պետություններին տրամադրվող նախատեսում է նույն երաշխիքները:

Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը վերաբերող չափանիշներում կարևորվում է հաստատության համար «բավարար ռեսուրսների» անհրաժեշտության հասկացությանը, որն էական պայման է, որպեսզի հաստատությունը կարողանա կատարել իր լիազորությունները:

««Բավարար ռեսուրսներ» տերմինը ներառում է երեք հիմնական տարր`հաստատության բյուջեն, նրա անձնակազմը և դրա ենթակառուցվածքները: Նույնիսկ դրա տարրերից մեկի նվազեցումը, ի վերջո, կարող է հանգեցնել հաստատության ընդհանուր արդյունավետության նվազեցմանը և, հետևաբար, լեգիտիմության և հանրության մոտ նրա նկատմամբ վստահության կորստին»,-ասում է  Վենետիկի հանձնաժողովը։

Հանձնաժողովը նշում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին 2020 թվականի հունվար 21-ի սահմանադրական օրենքի փոփոխությունների նոր տարբերակը հանգեցնում է էական որակական փոփոխությունների անկախության երաշխիքներում՝ կապված Օմբուդսմենի անձնակազմի քաղաքականության և բյուջետային անկախության հետ։

Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշում է, որ  Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիսանում է «A» կարգավիճակի օմբուդսմեն։ Այս հաստատությունը, որպես օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման գործում կարևոր դերակատար, կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանում դրանց զարգացման ու կոնսոլիդացման համար:

«Նախ և առաջ, 2020 թվականի փոփոխություններով օմբուդսմենի հաստատության անձնակազմի իրավական ռեժիմի փոփոխությունը և այն քաղաքացիական ծառայության ռեժիմին ենթարկելը, կարծես, առաջին հերթին հակասում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի հոդված 39-ի  3-րդ կետին, որից հետևում է, որ օմբուդսմենը վայելում է լիակատար անկախություն և ինքնավարություն անձնակազմի և հարակից քաղաքականությունների մասով։

Ուստի, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հոգ տանել, որ Սահմանադրական օրենքին հաջորդող կիրառելի օրենսդրական դրույթները չեն հակասում դրան և արդյունավետորեն չեղյալ հայտարարել դրա կիրառելիությունը:

Օմբուդսմենի ինստիտուտի պահանջվող անկախությունը չափվում է նրա ղեկավարի, անձնակազմի և բյուջեի անկախությամբ՝ թե՛ քանակի, թե՛ կառավարման առումով:

ՄԻՊ սահմանադրական օրենքի նախկին հոդվածներն այս առումով լիովին համապատասխանում էին միջազգային չափանիշներին:

2020 թվականի փոփոխությունների փաթեթը, ընդհանուր առմամբ, կարող է դիտվել որպես օմբուդսմենի ինստիտուտի անկախությունը էապես նվազեցնող։

2020թ․-ի բարեփոխումը չի ճանաչում ՄԻՊ ինստիտուտի եզակի դիրքն ու կարգավիճակը,
համապատասխան ինչպես միջազգային չափանիշներին, այնպես էլ Հայաստանի սահմանադրական իրավունքին։ Այս չափանիշների համաձայն՝ ՄԻՊ ինստիտուտը չի կարող դիտվել որպես «միասնական» քաղաքացիական ծառայության մաս:

Ինչպես բխում է վերը նշված միջազգային չափանիշներից, օմբուդսմենի ինստիտուտի անկախությունն ու արդյունավետությունը պահանջում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որոնք երաշխավորում են հավաքագրման գործընթացների ինքնավարություն, անձնակազմի կարիերայի զարգացում և պաշտոնների դասակարգում:

Հետևաբար, այս տարրերը հավասարապես կարևոր ասպեկտներ են և նույնիսկ ցուցանիչ են՝ հաստատության անկախության համար:

Ավելին, հաստատության անձնակազմին և կոչմանը վերաբերող հարցերը բյուջետային են
և, հետևաբար, կապված են հաստատության բյուջեի հետ: Միջազգային չափանիշները կրկին համահունչ են այս առումով և պահանջում են ապահովել հաստատության բյուջեի անկախության երաշխիքներ»,-նշում է Վենետիկի հանձնաժողովը։

Այս նպատակով Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս ՄԻՊ-ի օրենսդրական դաշտի վերանայում` հստակեցնելու նրա լիակատար անկախությունը անձնակազմի քաղաքականության մեջ, մասնավորապես` աշխատանքի ընդունման, կարիերայի, աշխատանքի դասակարգման, աշխատանքի նկարագրությունների և այլնի հետ կապված։

Ապահովել, որ ՄԻՊ անձնակազմի համակարգը և անձնակազմի քաղաքականությունը հիմնված լինի հստակ չափանիշների վրա՝ կապված հաստատության առանձնահատկությունների, գործառույթների և պարտականությունների հետ: Պետք է խուսափել, որ անձնակազմի հետ կապված հարցերը ենթակա լինեն որևէ այլ պետական մարմնի կամ գերատեսչության, մասնավորապես գործադիր իշխանությանը:

Ի վերջո, Հանձնաժողովը հրավիրում է օրենսդիրին՝ օգտվել հնարավոր վերանայման հնարավորությունից ու կիրառել նաև Վենետիկի հանձնաժողովի 2006 և 2016 թվականների կարծիքներում ձևակերպված առաջարկությունները, որոնք դեռ ուժի մեջ են, բայց նաև ամբողջությամբ կիրառել Վենետիկի բոլոր սկզբունքները:

Վենետիկի հանձնաժողովը մնում է հասանելի՝ հետագա աջակցության համար: