Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա դիրքերում փոխհրաձգություն է ընթանում․ Sputnik Արմենիա

Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա հայկական ու ադրբեջանական դիրքերի միջև փոխհրաձգություն է ընթանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։

Հարցին՝ ճի՞շտ է տարածված տեղեկությունը, որ գյուղի մոտակայքում ԱԹՍ-ներ են թռչում, նա պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ ձայներ չեն լսվում։
Գյուղում որևէ խուճապ չկա, հայտնեց Անդրանիկ Ղազարյանը ու նշեց, որ տուժածների մասին տեղեկություններ չունի։

Ավելի վաղ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրն այն մասին, որ հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈւ զինծառայող։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Արցախի Մարտունու շրջանի Նոր Շենի ուղղությամբ։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի տեղեկություններով  վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է: