Ակնհայտ է, որ ադրբեջանցիները փորձելու են «փողով» գնել մեզ

Միջնաժամկետ ժամանակային կտրվածքով մեզ բոլորիս սպասվում է մի նոր գործընթաց, որը ես պատկերավոր կանվանեմ «հայերի կամավոր ինքնաոչնչացում՝ ադրբեջանական փողի դիմաց»։

Եթե ավելի հստակ, ապա վերլուծելով թուրք-ադրբեջանական ոհմակի քայլերի և հայտարարությունների տրամաբանությունը, կարծում եմ, որ շուտով ալիևյան ֆաշիստական վարչակազմը իրականացնելու է արցախցիներին և հայաստանցիներին ուղղակի «կաշառելու» մեխանիզմներ, ավելի ճիշտ՝ փորձելու է այս կամ այլ, այսպես կոչված, «տնտեսական» խրախուսման մեթոդներով ազդել սկզբից Արցախի, իսկ ավելի գլոբալ՝ նաև Հայաստանի բնակչության տրամադրությունների վրա, ստեղծելով մի իրավիճակ, երբ հասարակ Հայաստանի կամ Արցախի «հպարտ քաղաքացիները» տրվելով «ձրի» ադրբեջանա-թուրքական «կերին»՝ վերջնականապես կհրաժարվեն թե՛ Արցախի, և թե՛ Հայաստանի՝ որպես քաղաքական միավորի, գոյությունից։

Օրինակ՝ սրանք փորձելու են կիրառել ուղղակի տնտեսական ազդեցության մեթոդներ բնակչության վրա, անվճար կոմունալ ծառայություններ առաջարկել արցախցիներին (անվճար գազ կամ հոսանք), փորձելու են նաև, իբր, աշխատատեղեր առաջարկել, միգուցե, նույնիսկ թոշակառուներին թոշակներ տրամադրել, մի խոսքով՝ ուղղակի տնտեսական մեթոդներով կաշառել, և այս ամենը կանվանեն օրինակ՝ «Ղարաբաղի հայերի ռեինտեգրացիա Ադրբեջանի հասարակություն»։

Հայաստանի դեպքում առաջարկվելու են ներդրումային ծրագրեր (հիմնականում ճանապարհաշինարարական ոլորտում), որ մենք ուրախ զվարթ համաձայնենք սկզբից Սյունիքի լոգիստիկ մասնատմանը, հետո Հայաստանի՝ որպես քաղաքական միավորի, կտոր֊կտոր ոչնչացմանը։

Որ հանկարծ ոչ ոք չընկնի թուրքահաճո էյֆորիայի մեջ, հիշեցնեմ պարզապես, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հանդեպ ենթադրվող այս թուրք-ադրբեջանական նախագծի վերջնական նպատակը պետք է լինի հայերի կա՛մ ֆիզիկական ոչնչացումը, կա՛մ տարհանումը տարածաշրջանից պատմական կարճաժամկետ ժամանակամիջոցում։

Պարզապես եկեք չմոռանանք, որ Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանցիները դիտարկում են որպես իրենց տարածքներ, որոնց նույնիսկ անվանումները Ադրբեջանում կրկնօրինակվել են քոչվոր թուրքալեզու ցեղերի անվանումներով։

Այս կարգի ծրագրերի մասին առայժմ ադրբեջանցի ֆաշիստները չեն հայտարարել, սակայն վստահ եղեք, ուսումնասիրելով պատմությունը, սկսած Հայոց Ցեղասպանությունից, և վերջացնելով հայաթափված Նախիջևանի ճակատագրով, ակնհայտ է, որ ադրբեջանցիները փորձելու են «փողով» գնել մեզ, հետո պարզապես տեղահանել, ոչնչացնել այս կամ այլ եղանակով։

Հիմա հարց․ հետաքրքիր է ի՞նչ եք կարծում, մեր սուպերգիպերխաղաղասեր իշխանությունները, որոնք առավոտից երեկո ցնցվում են ադրբեջանցիներից և թուրքերից շինծու «խաղաղության դարաշրջան» մուրալով, արդյո՞ք կհամաձայնեն ադրբեջանա-թուրքական առևտրի կանոններին, թե՞ ոչ։ Զուտ հետաքրքիր է ձեր տեսակետը։

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից