Իրանը պնդում է Ալիևի ռեժիմի և Իսրայելի դեմ մեղադրանքները

Իրանի իրավապահ մարմինները (ոստիկանություն) հոկտեմբերի 10-ին սկսել են «Էխտեդար [Իշխանություն]-4» կոչվող զորավարժությունները, սակայն ոչ թե հյուսիսում, այլ երկրի հարավում՝ Պարսից ծոցի հյուսիսային ջրերում: Այս քայլով Իրանը թուրքերին, կովկասյան թաթարներին և արաբներին ցույց է տալիս, որ զգոն է բոլոր ուղղություններով: Միևնույն ժամանակ, դա նաև ազդակ է Իսրայելին, որ սիոնիստների հակումներն անիմաստ են ոչ միայն հյուսիսում, այլև Պարսից ծոցի կողմից: Այս զորավարժությունների ընթացքում Իրանի իրավապահ ուժերի (ոստիկանության) սահմանային ստորաբաժանումները ցուցադրել են իրենց պաշտպանական և մարտական ​​ունակությունները՝ Պարսից ծոցում երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու համար: Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ծառայության հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին ասել է, որ ծովային սահմանների սահմանապահների պարտականությունն է վերահսկել և համակարգել սահմանային փոխանակումները և սահմանել ծովային կարգապահությունն այնպես, որ ապահովվի տարածաշրջանի անվտանգությունը: Նա ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի հովանու ներքո Պարսից ծոցի անվտանգությունը գտնվում է զինված ուժերի խիստ վերահսկողության և պաշտպանության տակ, որն անհրաժեշտ է երկրին, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրներին:

Այնուհետև նա ասել է, որ «Էխտեդար-4» կոչվող զորավարժությունների նպատակն է բարելավվել գործառնական կարողությունները և փրկարարությունը ծովում՝ մաքսանենգության բոլոր տեսակների դեմ պայքարելու համար: Ապօրինի առևտրականների և նրանց հետ, ովքեր մտադիր են անհանգիստություններ պատճառել և ծովով ապրանքներ տեղափոխել, աշխատանքը Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ծառայության առաջնահերթություններից է:

Առաջին հայացքից սա այնքան էլ հետաքրքիր զորավարժություն չէ` ընդամենը ծովում սահմանապահ ուժերի պատրաստվածության հերթական ստուգում: Սակայն մեզ հետաքրքրում էր այն, որ բրիգադի գեներալ Գուդարզին, ըստ երևույթին, խոսելով Պարսից ծոցում անցկացվող զորավարժությունների մասին, այնուամենայնիվ, հոկտեմբերի 10-ին կրկնել է Բաքվին ուղղված մեղադրանքները, թե Իսրայելը ուժեղանում է Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով, և այնտեղ կան ահաբեկիչներ: Ավելին, գեներալ Գուդարզին այս հայտարարություններն արել է հատուկ հարցազրույցում, որը տարածել են իրանական բազմաթիվ լրատվամիջոցներ: Բանը հասավ նրան, որ հոկտեմբերի 11-ին «կովկասի-թաթարստանի» պետական ​​սահմանային ծառայությունը և նույնիսկ կովկասյան թաթարների արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը հանդես եկան հապճեպ հերքումներով: Իբր, Իրանի հետ սահմանին չկա ոչ մի Իսրայել, ոչ մի ահաբեկիչ: Եվ անմիջապես սկսել են իրենց ռազմածովային զորավարժությունները Կասպից ծովում, ճիշտ է՝ առանց Թուրքիայի և Պակիստանի: Ըստ ամենայնի, Թեհրանից եկած «պնդումները» հասել են կովկասյան թաթարների ուղեղին…

Սակայն «ապշերոնյան խանությանը» պատասխանել են, ընդ որում՝ պատասխանել է և Իրանի արտգործնախարար Հոսեյն-Ամիր Աբդոլլահիյանը, և Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարարը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է Իսրայելի և ահաբեկիչների վերաբերյալ Բաքվին ուղղված մեղադրանքները, և, ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, նա նաև ասել է. «Մեզ հետ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի պաշտոնական անձինք խոստացել են միջոցներ ձեռնարկել՝ տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու համար: Մենք անթույլատրելի ենք համարում մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանի տարածքում սիոնիստական ​​ռեժիմի սադրիչ տեղաշարժերը: Այս ամենը մենք պետք է կարգավորենք բարեկամության և բարիդրացիության հիման վրա: Գլխավորը` կենտրոնանալ կառուցողական մոտեցումների վրա և թույլ չտալ օտար ուժերի միջամտությունը տարածաշրջանում` Իսրայելի սադրանքները և ահաբեկիչների ներկայությունը»: Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 11-ին Թեհրանում՝ Իրանի ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Սաիդ Խաթիբզոդան որոշ չափով մեղմացրել է Իրանի նախկին դիրքորոշումը. նրա խոսքով, ինչպես հաղորդել է Mehr News գործակալությունը, «Իրանի օդային տարածությունը բաց է ադրբեջանական ինքնաթիռների համար, մենք այն երբեք չենք փակել Ադրբեջանի համար: Ցամաքային ճանապարհը երկու երկրների միջև նույնպես բաց է, և նրանք չպետք է թույլ տան, որ երրորդ պետությունները ազդեն իրենց հարաբերությունների վրա»: «Իրանն իր մտահոգությունների մասին հայտնել է ադրբեջանական կողմին, և նրանք նույնպես հայտարարել են, որ կլուծեն այդ խնդիրները: Մենք Ադրբեջանին ասել ենք, որ Իրանի որոշ մտավախություններ պետք է լուծվեն», – նշել է Խաթիբզոդան՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ «մտավախությունների» մասին է խոսքը գնում: Այնուամենայնիվ, դիվանագետի ելույթում շարունակվում էր այն պնդումը, որ Իսրայելը ազատորեն «տնօրինում է» «կովկաս-թաթարստանը»՝ Իրանի հետ սահմաններում. «Թեհրանը ոչ մեկի հետ կատակ չի անում իր անվտանգության վերաբերյալ, բոլորը դրա մասին գիտեն: Ուր էլ գնա Իսրայելը, իր հետ բերում է անկայունություն և ահաբեկչություն: Այս մասին մենք ասել ենք Բաքվին: Իսրայելը ցանկանում է տարածաշրջանն անկայուն տեսնել: Թեհրանն ու Բաքուն պետք է զգուշավորություն դրսևորեն, որպեսզի երրորդ երկրները չխառնվեն իրենց հարաբերություններին: Մենք չենք հանդուրժի Իսրայելի ներկայությունը հարևան երկրում»: Եվ միևնույն ժամանակ, Խաթիբզոդան հստակ հասկացրել է, որ Իրանը չի հանդուրժի կովկաս-թաթարական կողոպուտը մեր Սյունիքում. նա բարձրացրեց տարանցիկ երթուղիների հարցը, պնդելով, որ իրանական բոլոր ապրանքները պետք է առանց խնդիրների հասցվեն իրենց նպատակակետին

Սերգեյ Շաքարյանց