Կովկասի աշխարհաքաղաքականությունը պետք է անձեռնմխելի մնա․ պաշտոնական Թեհրան

Մենք որոշել ենք մեկ անգամ ևս անդրադառնալ Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հոսեյն-Ամիր Աբդոլլահիանի և Սերգեյ Լավրովի մոսկովյան բանակցություններին, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 6-ին: Պատճառն այն է, որ, ինչպես հաղորդել են ռուսական լրատվամիջոցները, այս բանակցություններից հետո, մասնավորապես, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և «ապշերոնյան խան» Ի. Ալիևի միջև, և հայտնի է, որ «հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում»: Բնականաբար, Պուտինն ու Ալիևը արդեն գիտեին այն պահանջների մասին, որոնք Իրանի ԱԳ նախարարը բարձրաձայնել էր Մոսկվայում…

Համատեղ ասուլիսի վերջում իրանցի նախարարը հայտարարել է. «Տարածաշրջանը չի կարող հաշտվել նոր չափազանցված պահանջների հետ: Իրանն ակնկալում է, որ այլ երկրները դրականորեն կարձագանքեն իր բարիդրացիության քաղաքականությանը: Մենք չենք ընդունի Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները: Մենք առաջվա պես շարունակում ենք մտահոգված լինել սիոնիստների և ահաբեկիչների ներկայությամբ և մտահոգված ենք սիոնիստական ​​ռեժիմի սադրիչ գործողություններով: Իրանը լուրջ է վերաբերվում իր և տարածաշրջանի անվտանգությանը: Մեր ուղերձը բոլոր հարևաններին տարածաշրջանի ժողովուրդների շահերից բխող համագործակցության ընդլայնման և ամրապնդման մասին է»: Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանում ռազմական զորավարժությունների վերաբերյալ Լավրովի դիտողություններին, իրանցի նախարարն ասաց. «Պարոն Լավրովը մատնանշել է Կովկասյան տարածաշրջանում ռազմական զորավարժությունները: Սակայն 6 մանևրներ իրականացվել են Ադրբեջանի և այլ երկրների կողմից: Իրանը վերջին մի քանի օրերին իրականացրել է ընդամենը մեկ մանևր, որի մասին երկրներին հայտարարվել է դիվանագիտական ​​ուղիներով: Այս զորավարժություններն իրականացվել են Իրանի ներսում իրանական զինված ուժերի կողմից»:

Ցանկացած օբյեկտիվ և անշահախնդիր դիտորդ կարող է զգալ, որ պարոն Աբդոլլահիանը Լավրովին հիշեցրել է, որ Իրանը, օրինակ, այս աշնանը զորավարժություններ չէի անցկացնում Հայաստանի կամ նույնիսկ Ռուսաստանի տարածքում: Եվ կրկին հիշեցրել է իսրայելցի զինվորականների  (իսկ այս տողերի հեղինակն բոլորովին վերջերս անձամբ տեսել է այդպիսիներին, բնականաբար, Երևանում, ոչ թե Արցախում…) և տարածաշրջանում ահաբեկիչների մասին: Այնուհետև իրանցի նախարարը հայտարարել է ամենաբարձր մակարդակով իրանա-ռուսական բանակցությունների շարունակման մասին․ ասաց, որ մոտ ապագայում Իրանի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն երկու երկրներից մեկի մայրաքաղաքում. «Մենք Ռուսաստանը համարում ենք Իրանի ռազմավարական գործընկեր և հույս ունենք, որ մոտ ապագայում երկու երկրների միջև աճող համագործակցությունը կհասնի իր առավելագույնին»:

Մոսկվա այցի և ռուս գործընկերոջ հետ բանակցությունների ավարտին նախարար Աբդոլլահիանն արդեն իսկ ասել է շատ նշանակալի խոսքեր: Նախքան Լիբանան թռչելուն պատրաստվելը, նա ասել է, որ Իսրայելի սիոնիստական ​​ռեժիմը և այլ օտարերկրացիներ, ինչպես նաև Անդրկովկասի տարածաշրջանում գտնվող ահաբեկիչները դժվարություններ են ստեղծում Իրանի բարիդրացիական հարևանների համար՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ալիևի ռեժիմի: Իրանի արտգործնախարարը նաև հարևան որոշ երկրների պետական գործիչներին կոչ է արել չօգտագործել արտահայտություններ՝ որոնք սպասարկում են տարածաշրջանի թշնամիների շահերը: Ըստ Աբդոլլահիանի խոսքերի՝ Իրանն իր առաջնորդությամբ և բարիդրացիության վրա հիմնված իմաստուն վարքագծով, շեշտում է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է գնան երկխոսության՝ խնդիրները լուծելու և թյուրիմացությունները շտկելու համար, և բոլորը պետք է օգուտ քաղեն այս անվտանգ և կայուն տարածաշրջանից: Սակայն, ի վերջո, գլխավորը, ինչպես նա ասել է, հետևյալն է. «Արտաքին միջամտությունը չպետք է վնասի Կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականությանը և աշխարհագրությանը: Կովկասի աշխարհաքաղաքականությունը պետք է անձեռնմխելի մնա»:

Այս, ըստ էության, Կովկասի բոլոր երկրներին և ժողովուրդներին ուղղված ուղերձին, որը Մոսկվայում հնչեցրել է նախարար Աբդոլլահիանը, ստիպված կլինեն պատասխանել բոլորը՝ և Ռուսաստանը, և Վրաստանը, և Հայաստանը, և Թուրքիան՝ Ալիևի ռեժիմի հետ միասին: Ավելին, Միացյալ Նահանգների և Իսրայելի գաղտնի ծառայություններն ու ռազմական գերատեսչությունները ստիպված կլինեն հասկանալ և հիշել, որ իրենց էլ են «հաշվել», և այսուհետ նրանք Անդրկովկասում «օրինական թիրախ» են իրենց իրանական գործընկերների համար:

Սերգեյ Շաքարյանց