Ֆրանսիան Հայաստան է ուղարկել COVID-19 պատվաստանյութի 25 000 դեղաչափ

Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակն այսօր առավոտյան ստացվել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Քրիստոֆ Քացախյանի և Հայաստանի առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների ներկայությամբ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հաղորդմամբ, ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում:

Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ համաճարակին դիմագրավելու նպատակով: Ֆրանսիան 2020 թվականին կորոնավիրուսի բուժման մեջ մասնագիտացված բժիշկների երեք առաքելություն ուղարկեց,իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ին Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին:

Իսկ այսօր Մակրոնը գրել է․ «Ինչպես և խոստացել էի նախորդ տարվա օգոստոս ամսին, 25 000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։

Համերաշխությունը գործողության մեջ COVID-19 համավարակի դեմ պայքարում»։