Դատարանները կալանքը կիրառում են քաղաքական ցուցումներով, նաև որպես պատժիչ գործիք․ Էլինար Վարդանյան

«Մենք այսօր էլ ունենք մի իրականություն, երբ դատարանները կալանքը կիրառում են առանձին դեպքերում քաղաքական ցուցումներով, առանձին դեպքերում որպես պատժիչ գործիք: Այսօր էլ մեր գործընկերից 3-ը կալանքի տակ են  քաղաքական ցուցումներով, էլի որպես պատժիչ գործիք»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը:

Այնուհետև նա ԱԺ-ում ներկա Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հիշեցրեց, որ ժամանակին միասին են աշխատել ու այդ ժամանակ նման տեսակետ էր հայտնել՝  կալանքը դատարանների կողմից չի կարող և չպետք է օգտագործել որպես պատժիչ գործիք:

«Որքա՞ն կարող է մեր դատական համակարգը շարունակել այսպես գործել՝ կալանքը որպես ռեպրեսիվ մեքենայի գործիք օգտագործելով»,- հարցրեց Էլինար Վարդանյանը Ջհանգիրյանին:

Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ ասել է՝ ոչ միայն կալանքն է երբեմն օգտագործվում որպես ճնշման գործիք, նաև այս ամբիոնից մի հայտարարություն է արել՝ քանի դեռ Քրեական օրենսգիրքը օգտագործվում է քաղաքական հարցեր լուծելու համար, ուրեմն այդ արդարադատությունը մեր երկրում չի կայանա, այսօր էլ այդ կարծիքին է:

Էլինար Վարդանյանն արձագանքեց. «Քրեական օրենսգիրքը, ինչպես նախկինում, այսօր էլ մնացել է գործող իշխանության ձեռքին որպես քաղաքական ճնշումների գործիք: Մենք այդ փաստն ունենք: Հետևաբար այս իրավիճակում խոսել, որ Հայաստանում արդարադատություն է իրականացվում, միամտություն է և դատարանները շարունակում են առանձին  դեպքերում մնալ գործիք քաղաքական  ճնշումներ իրականացնելու համար»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամը: