Ինչո՞ւ ադրբեջանական զորքերի հարձակման օրը կապն անջատվեց. փոխգնդապետ Ղազարյանի պաշտպան

Իրավապահ մարմինները գտնում են, որ պարտության պատասխանատուն ամենասովորական զորամասի, ամենասովորական գումարտակի շտաբի պետն է, կոչումով փոխգնդապետ՝ Արսեն Ղազարյանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Շատերը կարծում են, որ Հին Թաղեր և Խծաբերդի հանձնման և 62 անձանց գերեվարման մեջ մեղավոր են մեր քաղաքական կամ զինվորական իշխանության բարձրագույն մարմինները, օրինակ՝ վարչապետ, ՊՆ նախարար, ՊԲ հրամանատար, կամ գոնե կորպուսների հրամանատարներ, բայց իրականում այդպես չէ»,- ասաց փաստաբանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ Արսեն Ղազարյանը երկարամյա փորձ ունեցող բազմամյա սպա է՝ անցած սխրագործությունների միջով, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այն եզակի անձանցից էր, որոնք 14 օր շարունակ մարտական առաջադրանք է կատարել Ջրականում։

Անդրադառնալով փոխգնդապետ Ղազարյանին առաջադրված մեղադրանքին՝ փաստաբանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը հեռացել է մեղադրանքի որոշման գործող կարգից, մեղադրանքը պարզ չէ. «Նկարագրված է մեղադրանքի որոշմամբ մի ամբողջ իրադարձություն՝ սկսած այն պահից, երբ Ղազարյանն իր ստորաբաժանման հետ գտնվել է Հին Թաղեր և Խծաբերդում, մինչև նրանց՝ տակտիկական նահանջի պահը, վերջում նշված է արարքի քրեաիրավական որակումը, որից, փաստաբանի դիտարկմամբ, պարզ չէ, թե ինչի դեմ պետք է պայքարեն։ Ենթադրենք՝ մեղադրանք է առաջադրվում հրամանը չկատարելու դրվագով, մենք չգիտենք, այդ ներկայացվող իրադարձություններից որ մասին է վերաբերում քրեաիրավական որակումը »,- նշեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում ադրբեջանական ԶՈՒ-երի հարձակման դեպքին՝ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Արսեն Ղազարյանը, տարածքում տեղակայվելով, կատարել է իր վերադասի հրամանը.

«Տեղաբաշխումը եղել է կապված աշխարհագրական դիրքից, հեռավորությունից, որից հետո ենթակա ստորաբաժանումների հետ կապը կտրվել է։ Արսեն Ղազարյանը մի քանի տասնյակ անձանց հետ եղել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում, շուրջ 60 անձ գտնվել է ավելի բարձր դիրքերում և կապի միջոցներն առկա չեն եղել։ Արսեն Ղազարյանին տրվել է մի քանի ռադիոկապի միջոցներ, որոնք այդտեղ իրենց հաճախականությամբ չեն գործել, իսկ իրենց մոտ առկա կապի միջոցները եղել են  կարճ ալիք, որոնցով հնարավորություն չի եղել կապն ապահովել։ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա բուն հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին։ Դեկտեմբերի 13-ին պատահականորեն հայկական կապի օպերատորներն անջատվում են տվյալ տարածքում։ Եթե մինչև այդ գոնե բջջային հեռախոսներով հնարավորություն եղել է կապ հաստատել ենթակա ստորաբաժանումների հետ, ապա դեպքի օրը բջջային կապ առկա չի եղել։ Պետք է վարույթն իրականացնող մարմինը կատարի որոշակի գործողություններ՝ պարզելու, թե ինչպե՞ս պատահականորեն կապն անջատվեց ադրբեջանական զորքերի հարձակման օրը և հնարավորություն չեղավ իրականացնել պատշաճ պաշտպանություն։ Հայկական կողմը եղել է ինքնաձիգներով, իսկ ադրբեջանական զինծառայողները՝ մինչև ատամները զինված»։