Իրանական մեքենաները ՀՀ մտնելու խնդիր չունեն, Երևան հասնելու խնդիր ունեն. Քերոբյան

Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածների՝ ադրբեջանցիների կողմից փակելը մեզ շատ է մտահոգում, Կառավարությունն ու այն մարդիկ, որոնք պատասխանատու են այդ հարցի լուծման համար, բնականաբար, ամբողջությամբ ընդգրկված են այդ հարցի լուծման մեջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք մի հարցի լուծման, որի համար գոյություն ունեն պրոֆեսիոնալ պատասխանատուներ: Թիմը զբաղվում է, և, կարծում եմ, շուտով հարցը լուծում կստանա»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե նշված ճանապարհի՝ փակ լինելու պատճառով կարող են խնդիրներ առաջանալ ՀՀ-Իրան հաղորդակցության առումով, նախարարն արձագանքեց. «ՀՀ սահմանը սկսվում է Մեղրիից, և իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, խնդիր ունեն Երևան հասնելու հետ կապված: Այդ խնդիրն այս պահին լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով: Իհարկե, այդ ճանապարհը հարմարեցված չէ խոշոր բեռնատարների անցման համար, բայց, միևնույն է, այդ ճանապարհն այսօր աշխատում է, և բեռներն անցնում են: Մենք շատ մտահոգված ու անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որ օր առաջ այն բացվի»,-ասաց նախարարը:

Հարցին՝ ինչո՞ւ ենք բանակցում, որ ադրբեջանական զինծառայողները գնան մեր սուվերեն տարածքից, Քերոբյանն արձագանքեց, թե հարցերը լուծելու տարբեր ճանապարհներ կան, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախընտրում է հարցերը լուծել ոչ ուժային մեթոդներով: «Չնայած, եթե դրա անհրաժեշտությունը լինի, բնականաբար, մենք բոլորս պատրաստ ենք կանգնել հայրենիքի պաշտպանության գործին»,-ասաց նա:

Քերոբյանը վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարությունը, թե  ԽՍՀՄ սահմաններով Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ եղել են ադրբեջանական տարածքում:

«Անձնական տեսակետս այն է, որ այդ ճանապարհը պետք է օր առաջ գործարկվի: Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ երեկ Որոտանի բնակիչներին ռուս խաղաղապահներն են սնունդ հասցրել, և հարցին՝ ինչպես է կարգավորվելու պարենային անվտանգության խնդիրը, Քերոբյանը պատասխանեց, թե էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության վարչությունն աշխատում է այդ ուղղությամբ, խորհրդակցություն են ունեցել, որ ապահովեն այդ շրջանների բնակիչների պարենային անվտանգությունը: «Ռուս խաղաղապահներն են հասցնում, այսօր դա էլ է տարբերակ, բայց կան տարբերակներ՝ շրջանցող ճանապարհների միջոցով հարցը լուծելու»,-նշեց Քերոբյանը: