«Վիրուսային պատերազմի» նոր փուլ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև

Ինչպես հայտնի է, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև կորոնավիրուսի շուրջ «պատերազմը» սկսվել է 2020 թվականին, և մենք Հայաստանի քաղաքացիներին մանրամասն պատմել ենք, թե որն է այս «պատերազմի» էությունը: ԱՄՆ-ը չինացիներին մեղադրել է, որ Covid-19 վիրուսը իբր «դուրս է եկել» Ուհան քաղաքի չինական գաղտնի կենսաբանական լաբորատորիայից: Չինաստանը պատասխանել է՝ մեղադրելով ԱՄՆ հետախուզական ծառայություններին, թե ամերիկյան գործակալները միտումնավոր վիրուսով ռեզերվուարներ են բերել Ուհան՝ օգտագործելով Ուհանում անցկացվող բանակային սպորտային խաղերին ամերիկացի զինվորականների մասնակցությունը…

Կարծում ենք՝ Հայաստանի քաղաքացիները հասկացան, թե որքան բարձր են խաղադրույքներն այս «խաղում»: Երկու միջուկային տերություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական ​​անդամներ միմյանց մեղադրում են Covid-19-ը մոլորակի վրա տարածելու հատուկ գործողություն իրականացնելու մեջ: Խոսքը նրա մասին է, թե ում իշխանությունն է տարածվելու մեր մոլորակի վրա: Հայտնի է, որ նախագահ Թրամփի վարչակազմը հետ է կանչել կորոնավիրուսի «չինական ծագման» վերաբերյալ իր մեղադրանքները՝ ստանալով «համարժեք պատասխան» Պեկինից: Սակայն, ըստ ամենայնի, նախագահ Բայդենի վարչակազմը, Աֆղանստանում իր պարտությունը «պայծառացնելու» համար, որոշել է վերսկսել Covid-19 վիրուսի շուրջ «պատերազմը» Չինաստանի դեմ:

Ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցը՝ կորոնավիրուսի առաջացման պատճառների հետաքննության արդյունքների մասին, կփոխանցվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին օգոստոսի 24-ին, և դրա գաղտնազերծված տարբերակը հանրությանը կներկայացվի մի քանի օրից հետո: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին: Նա ավելացրել է, որ դեռ հստակ չի կարող ասել, թե ինչ տեսքով կներկայացվի գաղտնազերծված այս տարբերակը: Այդ կապակցությամբ համաշխարհային ԶԼՄ-ները հիշեցրել են, որ 2021 թվականի օգոստոսի կեսերին CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկյան հետախուզությունը, ավելի քան երկու ամիս կորոնավիրուսի առաջացման պատճառների ուսումնասիրությունից հետո, առայժմ չի կարող կողմնորոշվել, թե արդյոք կորոնավիրուսը մշակվել է լաբորատորիայում, թե՝ ձևավորվել է բնական եղանակով: Հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրներից մեկը նշել է, որ զեկույցի ներկայիս տարբերակում «արտառոց ոչինչ չկա»: Բայդենն ինքը մայիսի վերջին հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզությունը չունի բավարար տեղեկատվություն՝ վստահությամբ ասելու, թե ինչպես է սկսվել նոր կորոնավիրուսի տարածումը՝ վարակված կենդանու հետ մարդու շփումից հետո՞, թե՝  Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում հնարավոր միջադեպի պատճառով: Ամերիկացի առաջնորդը հետախուզական ծառայություններին հանձնարարել է կրկնապատկել ջանքերը` ուսումնասիրելու առկա բոլոր տվյալները և 90 օրում պատրաստելու իր համար նոր զեկույց: Դե, այժմ էլ եկել է այդ ժամանակը, ինչպես ասում են…

Սակայն Չինաստանը չի սպասել ԱՄՆ-ի կողմից ստի արտահայտման նոր փուլին: Չինական հետախուզությունը աշխարհում ամենահաջողակներից մեկն է, հաճախ արձագանքում է ակտիվ և նախահարձակ: Օգոստոսի 23-ին, հատուկ ճեպազրույցի ժամանակ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, հայտարարել է, որ մյուսներին զրպարտելու փոխարեն, Միացյալ Նահանգները պետք է հետաքննի Covid-19-ի ծագումը իրենց մոտ: Չինական կողմն ամերիկացիներին խորհուրդ է տալիս որևէ բան ասելուց առաջ ուսումնասիրել իրենց սեփական լաբորատորիաները: Ճեպազրույցի ընթացքում այդպիսի հարց հնչեց. «Վերջին օրերին Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) կենսաբանական լաբորատորիան և նույն համալսարանի պրոֆեսոր Ռալֆ Բարիկը, ով հայտնի է որպես «կորոնավիրուսի որսորդ», գրավել են մամուլի ուշադրությունը: Մասնավորապես, լրագրողներին հետաքրքրում էր կորոնավիրուսի արհեստական ​​սինթեզի նրա գերազանց տեխնոլոգիան, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի կենսաբանական լաբորատորիայի անվտանգության ցուցանիշները, ինչպես նաև Ֆորտ Դետրիքի հետ սերտ համագործակցությունը: Ինչպե՞ս է չինական կողմը կմեկնաբանելու դա»:

Վան Վենբինը պատասխանել է, որ Միացյալ Նահանգները համառորեն անտեսում է Չինաստանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համատեղ ուսումնասիրության զեկույցում ներկայացված եզրակացությունները, համաձայն որոնց՝ լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի տարբերակը չափազանց քիչ հավանական է: Փոխարենը, ամերիկյան կողմը շարունակում է կանգուն մնալ և տարածել Ուուանի վիրուսաբանության ինստիտուտից Covid-19-ի լաբորատոր արտահոսքի տեսությունը: Եվ նույնիսկ հետախուզություն է օգտագործում կորոնավիրուսի ծագման վերաբերյալ այսպես կոչված զեկույցը կազմելու համար: Այնուամենայնիվ, Չինաստանին վարկաբեկելը չի ​​օգնի ԱՄՆ-ին վերականգնվել։ Նա հավելել է, որ ամերիկյան կողմը բազմիցս հայտարարել է չինական լաբորատորիայից կորոնավիրուսի նոր տեսակի արտահոսքի մասին, մինչդեռ իրականում Վաշինգտոնը պետք է հետաքննի Covid-19-ի ծագումը տանը. «Միացյալ Նահանգներն բոլորից շուտ է սկսել հետազոտել քիմերային վիրուսները: Նրանք հանդիսանում են գլոբալ կորոնավիրուսային հետազոտությունների ամենամեծ հովանավորը և նախաձեռնողը: Հայտնի է, որ պրոֆեսոր Ռալֆ Բարիկը սկսել է քիմերային կորոնավիրուսների հետազոտությունը դեռ 1990 թ.: Եվ նրա թիմը վաղուց չափազանց առաջադեմ ունակություններ ունի կորոնավիրուսների սինթեզի և փոփոխման համար: Անցյալ տարվա սեպտեմբերին ինքը՝ Ռալֆ Բարիկը, իտալական հեռուստաալիքին տված հարցազրույցում հյատարել է, որ կարող է «արհեստականորեն փոփոխել վիրուսը՝ առանց հետք թողնելու»: Փաստացի, միայն Բարիկի թիմի և նրա լաբորատորիայի գործունեության հետաքննությունը կարող է պարզել, թե արդյո՞ք կորոնավիրուսների ուսումնասիրությունը կարող էր հանգեցնել Covid-19- ի առաջացման»:

Այսպիսով, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «վիրուսային պատերազմը» իր մակարդակով ավելի է բարձրանում:

Սերգեյ Շաքարյանց