Սոթքի ոսկու հանքավայրը վերսկսել է աշխատանքը. գիշերային հերթափոխը չի աշխատել

Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրը վերսկսել է աշխատանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը
Աշխատանքը վերսկսվել է ժամը 8։00-ին։ Անվտանգությունից ելնելով՝ գիշերային հերթափոխը չի աշխատել»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով` այս պահին իրավիճակը հանդարտ է։

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները երեկ տարհանվել էին, քանի որ հանքի տարածքում կրակոցներ էին հնչել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։