Չարագործի իշխանությունն անցնում է կորոնավիրուսի դեմ «կամավորության» ներքո քողարկված պարտադիր պատվաստումների. 2

Սկիզբը` այստեղ 

 

Փորձելով թաքցնել կորոնավիրուսի դեմ խիստ վտանգավոր պատվաստումների` ձևով թեև ոչ պարտադիր, բայց էությամբ պարտադիր բնույթը, «Ազգային ժողով» կոչվածի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանն ԱԺ կոչվածի ամբիոնից ասել է, թե «պատվաստումները պարտադիր չեն և պարտադիր չեն կարող լինել»:

Միաժամանակ, «Արմենպրես»-ի տեղեկացմամբ , Զեյնալյանն ասել է` «Բայց և այնպես պետությունը կիրառում է որոշակի գործիքակազմ, որպեսզի բնակչությանը բերի պատվաստումների, որովհետև սա է միակ միջոցը համավարակի դեմ արդյունավետ պայքարի»:

Ընդգծենք, որ համավարակի դեմ արդյունավետ պայքարի առնչությամբ հանձնաժողովի նախագահի ասածն իրականությանը չի համապատասխանում, քանի որ պատվաստումները համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոց չեն, ողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ պատվաստվելուց հետո դարձյալ վարակվել են նոր կորոնավիրուսով, մանավա՛նդ, դրա նոր շտամներով:

Թե որոշակի ինչ գործիքակազմ է կիրառում պետությունը, որպեսզի բնակչությանը ստիպի պատվաստվել, Զեյնալյանը չի թաքցրել` ասելով, որ «Հայաստանում կիրառվում են տարբեր գործիքներ, հնարավորություն են տալիս բնակչությանը որպես այլընտրանք որոշակի ժամանակահատվածը մեկ անցնել թեստավորում, եթե անձը չի ցանկանում պատվաստվել»:

«Եվ, այո, պետությունը պետք է շարունակի կիրառել որոշակի գործիքներ, որպեսզի բնակչությանը «ստիպի», բերի դեպի պատվաստումների, որպեսզի ունենանք առնվազն 50 տոկոս պատվաստվածություն բնակչության շրջանում, որպեսզի կարողանանք կառավարելի դարձնել համավարակի տարածումը»,- դարձյալ ըստ «Արմենպրես»-ի վերոնշյալ հրապարակման, ասել է հանձնաժողովի նախագահը:

Կասկածից գրեթե դուրս է, որ հիմա բնակչության շրջանում 50 տոկոս պատվաստվածության մասին խոսվում է մյուս 50 տոկոսի, այդ թվում նաև` մինչև 18 տարեկան երեխաների ու նրանց ծնողների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար, որպեսզի շատերը մտածեն, թե իրենք և իրենց երեխաները չպատվաստվողների մյուս 50 տոկոսի մեջ կլինեն և չընդվզեն, սակայն նշված ցուցանիշին հասնելուց հետո, իշխանությունները կգտնեն պատճառաբանություններ «կամավոր- պարտադիր» սկզբունքով մյուս 50 տոկոսին էլ ստիպելու, որ պատվաստվեն:

ՀՀ առողջապահության նախարարության կայքում ս. թ. հուլիսի 30-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվությունից  կարող եք տեղեկանալ, որ գոյություն ունի ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առողջապահության նախարարի հրամանի նախագիծ, և որ առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տվյալ նախագծին:

Վերոնշյալ նախագծով  «առաջարկվում է, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների (այստեղ «աշխատակիցները» բառի փոխարեն շփոթմամբ գրել են աշխատակիցների.- Ծ. Հ.), ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կամ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Ի դեպ, տվյալ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին»:

Հանդիպում-քննարկմանը շեշտադրվել է նաև փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջի, ինչպես նաև պատվաստումային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Ինչպես արդեն նշել ենք, յուրաքանչյուր հետազոտության (ՊՇՌ թեստի) համար այժմ պահանջվում է 15 000 դրամ (ընդ որում, հետագայում նույն հետազոտության համար կարող է ավելի մեծ գումար պահանջվել), այսինքն` պատվաստումից հրաժարվող անձը ներկա դրությամբ ստիպված է լինելու վճարել ամսական 30 000 դրամ, մինչդեռ հրամանի նախագծում նշված վերոնշյալ անձանց մեծամասնությունը հնարավորություն չունի, այլ ծախսերին զուգահեռ, յուրաքանչյուր ամիս 30 000 դրամ վճարել թեստավորման նպատակով, առավել ևս` գրեթե բոլոր ապրանքների ու ծառայությունների բարձրացած ու գնալով բարձրացող գների ու վճարների պարագայում:

Ավելին. 30 000 դրամն ընդամենը մեկ անձի համար պահանջվող գումարն է. եթե ծնողները պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցներ են, իսկ նրանց, ասենք, երկու երեխաները` 18 տարեկանից բարձր ուսանողներ, սովորողներ, ապա այդպիսի ընտանիքը ստիպված է լինելու թեստավորման նպատակով ամսական 120 000 դրամ վճարել և Նիկոլի ու նիկոլենց «նոր Հայաստանում» մնալ սոված, կամ էլ պատվաստմանը դեմ լինելով, ստիպված պատվաստվել: Այսպիսով ապացուցվում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ նախատեսվող պատվաստումներն իրականում, ըստ էության, պարտադիր բնույթ ունեն, պարզապես դրանց պարտադիր լինելու հանգամանքը քողարկված է և անուղղակի բնույթ ունի:

Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի վերոնշյալ հրամանի նախագիծը հակամարդկային է, հակաաստվածային ու հակասահմանադրական և ոչ մի դեպքում չպետք է վերածվի հրամանի, հակառակ պարագայում թող նկատի ունենան, որ կարող է լինել բունտ: Մարդիկ կարող են զանգվածաբար և տարերայնորեն դուրս գալ փողոց, նախարարին, Նիկոլին ու Նիկոլի իշխանությանը լարել, նրանց ստիպել, որ հրաժարվեն իշխանությունից… Ոմանք ասում են, թե դա հնարավոր չէ: Չենք պնդում, թե վտանգավոր պատվաստմանը  դեմ լինողներն անպայման կգնան բունտի, բայց պնդում ենք, որ ներկայիս պայմաններում դա հնարավոր է…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան