Իմ և նրա միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ. ՊԲ հրամանատարի նախկին օգնականը պարզաբանումներ է ներկայացրել

Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի գործելաոճի վերաբերյալ NEWS.am-ի աղմկահարույց հրապարակումից հետո (հղումը՝ ստորև), իրեն հետ կապված միջադեպի և ծառայությունից ազատման հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել ՊԲ հրամանատարի նախկին օգնական-վարչական  խմբի ղեկավար, գնդապետ Սամվել Աբրահամյանը:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նյութը հրապարակելուց հետո որոշ շրջանակներ փորձել են տեղեկատվության սկզբնաղբյուրը կապել իր անվան հետ: «Պետք է հիասթափեցնեմ, որ նման պրիմիտիվ գործելաոճն իմը չէ. եթե ես ասելիք եմ ունենում, ապա այն կրում է ուղիղ և հասցեական բնույթ»,- ասաց նա:

Աբրահամյանը  զավեշտալի համարեց իրեն ծեծի ենթարկելու  տեղեկությունները, բայց նշեց, որ նրանց միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ.  «Անգամ մեծ ցանկության դեպքում նա (նախարարի պաշտոն զբաղեցրած անձը) ինձ հետ բռունցքի ուժով խոսել չի կարող: Շատ փակագծեր չբացելով կարող եմ ասել, որ նախարարի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով իմ և նրա միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ: Դրան հաջորդել է օրենքի կետերի կոպիտ խախտմամբ ինձ ծառայությունից ազատելը»: