Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը թուրքական հատուկ ծառայությունների օպերացիա՞ էր. Արթուր Ղազինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պահանջել եւ ստացել է հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք հասանելի են դարձել հանձնաժողովի անդամներին, դուք որպես հանձնաժողովի նախագահ, հետամուտ եղե՞լ եք քրեական գործի հարուցման նախաքննության, ունեցե՞լ եք երաշխիք, որ հանձնաժողովի անդամներից արտահոսք տեղի չի ունենալու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ԱԺ-ում հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։

«Դուք ղեկավարել եք նաեւ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը։ Քննարկումները եղան փակ ռեժիմում, պատերազմից հետո «Նորավանք» կայքում հրապարակվեց մի հոդված։ Վերնագիր է դրված, որ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը հնարավոր է՝ եղել թուրքական հատուկ ծառայությունների օպերացիա։ Բավական խորացված, կետերով ներկայացված է, թե ինչի համար է այդպես գտնում։ Հաշվի առնելով, որ հանձնաժողովը պահանջել եւ ստացել է հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք հասանելի են դարձել հանձնաժողովի անդամներին, դուք որպես հանձնաժողովի նախագահ, հետամուտ եղե՞լ եք քրեական գործի հարուցման նախաքննության, ունեցե՞լ եք երաշխիք, որ հանձնաժողովի անդամներից արտահոսք տեղի չի ունենալու»,- իր խոսքում նշեց Ղազինյանը։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ հրապարակումը կեղծ է. «Եթե այդպիսի արտահոսք լիներ, նախ բոլորը դրա մասին տեղյակ կլինեին։ Հանձնաժողովի անդամները եւ ես շատ հստակ գիտակցել ենք՝ ինչ բան է պետական գաղտնիքը, Պետական գաղտնիքի մասին օրենքը։ Փորձագետերն ունեցել են Պետական գաղտնիքի մասին օրենքի հավաստիացումը։ Որեւէ պետական գաղտնիք դուրս չի եկել առաջին բաժնի պատերից դուրս»։

Ղազինյանի հարցին՝ արդյոք ինքը երաշխավորե՞լ է, որ բոլորը գտնվել են Պետական գաղտնիքի պահպանման օրենքի տիրույթում, Քոչարյանը պատասխանեց. «Բոլորը տվել են ստորագրություն։ Երբ իմ մանդատը կթարմացվի, անպայման ԱԱԾ տնօրենի հետ անձամբ զրույց կունենամ ձեր բարձրացրած հարցի բովանդակության մասին»։