Կյանքից հեռացել է Արմեն Շեկոյանը

68 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը:

Շեկոյանը ծնվել է 1953 թ. մարտի 28-ին, Երևանում: 1974 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1985 թ.` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները:

1976-90 թթ․ որպես խմբագիր և գլխավոր խմբագիր աշխատել է հրատարակչություններում ու խմբագրություններում («Ծիծեռնակ», «Գարուն», «Գրական թերթ», «Բանբեր», «Առավոտ»): 1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Աշխատել է նաև Երևանի պետական բժշկական ինստիտուտում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում:

1990-92 թթ․ եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1992-97 թթ․՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունների, մանկական բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուների:

Շեկոյանը հեղինակել է «Մետաքսի ճանապարհը» (2004 թ.) պատմվածքների ժողովածուն, «Հայկական ժամանակ» (2006-12 թթ․) վեպը, որը 2006-ից երկար տարիներ «Առավոտ» օրաթերթում շարունակաբար տպագրվել է։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, լեհերեն, վրացերեն և այլ լեզուներով:

1981 թ. Վրաստանում անցկացվող Վ. Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնում արժանացել է Վ. Մայակովսկու անվան մրցանակին, իսկ 2003 թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան, 2005 թ. «Երևան հյուրանոց» գրքի համար՝ «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակների, 2017 թ.՝ ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի և «Մովսես Խորենացի» մեդալի։