Հայաստանը շնորհակալ է ԵՄ-ին՝ հատկացվելիք 1,6 մլրդ եվրո արժողությամբ հանձնառության համար. Մհեր Գրիգորյան

Հայաստանը երախտապարտ է ԵՄ-ին թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

«Հանձնակատարի հետ քննարկել ենք Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազմյան իրավիճակի մեղմմանն ուղղված մեր հետագա գործողությունները։ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։ Որպես առաջնահերթ գերակայություն կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով, առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ», – ասաց Մհեր Գրիգորյանը։

Նա ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին՝ տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 1.6 մլրդ եվրո արժողությամբ հանձնառության համար, նշելով` գիտակցում են, որ ԵՄ-ն ըստ արժանվույն է գնահատում Հայաստանի գրանցած առաջընթացը բարեփոխումների իրականացման գործում.

«Դրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենալայնածավալ աջակցություն ստացած երկիրն է։ Աջակցությունն ուղղվելու է կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանված 5 առաջնահերթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը»։