Պիտի կարողանանք արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի վրեժխնդրության տրամաբանություն չգործի. Նիկոլ Փաշինյան

2018 թ. ձևավորված իշխանությունը հրաժարվեց դատաիրավական համակարգի թելադրանքի քաղաքականությունից, այս մասին Գլխավոր դատախազությունում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է խոստովանենք, որ սա նույնպես բերեց որոշակի ցնցումների, որովհետև դա մի զարգացում էր, որին որևէ մեկը չէր պատրաստվել և որին որևէ մեկը չէր էլ սպասում: Ընդհանրապես հետահայց նայելով, հիմա, օրինակ, վերլուծություններ են հնչում, որոնք գոյության իրավունք ունեն, որ հարաբերությունների այդպիսի կտրուկ փոփոխություն պետք չէր իրականացնել, այլ պետք էր փորձել, այսպես ասած, աստիճանական դա անել: Բայց իմ համոզմունքը նա է, որ եթե վճռական քայլեր չեն արվում՝ դատաիրավական համակարգի ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին հընթացս իներցիան սկսում է ավելի ու ավելի մեծ տեմպերով գերակշռել ու արդյունքում ոչ մի փոփոխություն մենք չենք ունենում: Սակայն երեք տարվա այս գործընթացների արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ ի վերջո շատ կարևոր հենք և բազա ենք ստեղծել դատաիրավական համակարգի իսկապես ինստիտուցիոնալ լիարժեք կայացման համար», – ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Երրորդ Հանրապետության պատմության մեջ արդարության և արդարադատության պակասն ամենամեծ խնդիրն է եղել մեր երկրում և ժողովրդի ամենակարևոր ձգտումներից մեկը հենց արդարությունն ու արդարադատությունն է և իրենք պարտավոր են դա անել:

«Բայց ի սկզբանե ուզում եմ ընդգծել, որ երեք տարվա աշխատանքի արդյունքում ախտորոշել ենք համակարգային և խորքային խնդիրներ, տեսել ենք, որ ի հեճուկս ի սկզբանե տարածված և կարծրացած կարծիքի՝ մենք խնդիրներ ունենք ոչ միայն դատարաններում, այլև նախաքննության որակի հետ կապված, դատախազության համակարգում, և շատ կարևոր է, որ այդ խնդիրներին առերեսվում ենք ու արձանագրում, որ բարեփոխումների կուրսը պետք է շարունակվի, որոնց վերջնական նպատակը պետք է լինի Հայաստանում իրավունքի, արդարադատության, արդարության հաստատումը», – ասել է նա։

Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել են մանդատ՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ:

«Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, այդ օրենքները ծառայեն իրավունքին և այդ օրենքները լինեն մարդկանց համար, հանրության համար և ոչ թե հակառակը», – ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ առնվազն հոգեբանական շատ լուրջ և խորքային փոփոխություններ են տեղի ունեցել: Վարչապետի պաշտոնակատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ի վերջո արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նրանց բովանդակությունը և արդյունքները ցույց են տալիս այն, որ մեր հանրության շրջանում տեղի են ունեցել անշրջելի փոփոխություններ և պետական կառավարման համակարգն ամբողջությամբ պետք է դիրքավորվի ըստ այդ փոփոխությունների՝ արձանագրելով, որ երկրում ամենամեծ պահանջը և պահանջարկը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ իրավունքի և արդարության, արդարադատության լիարժեք կայացումը, օրենքի գերակայությունը, պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանի խոսքով, դատախազությունն ունի առանցքային նշանակություն և կան բոլոր հիմքերն արձանագրելու, որ այդ գործառույթն այս նոր քաղաքական իրավիճակում դատախազությունն ի վիճակի է լիարժեք իրագործել:

«Շատ կարևոր գործառույթ է նաև ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որը Հայաստանի Հանրապետությունում նոր սկսել է գործել: Այստեղ է, որ մենք նույնպես պիտի կարողանանք արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի, այսպես ասած, վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն և ի վերջո արդարությունը հաստատվի, վերականգնվի ու պետության, ժողովրդի, հանրության շահերը լիարժեք վերականգնվեն: Ի վերջո սա կլինի ինստիտուցիոնալ արձանագրումն այն բանի, որ ընդհանրապես կոռուպցիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում չունի որևէ հեռանկար և Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիայի վերականգնման համար որևէ հիմք, նախադրյալ ու հնարավորություն չկա:

Այս բոլոր գործառույթներում դատախազության դերն առանցքային է և ուրախ եմ, որ, այո, Գլխավոր դատախազը նշեց՝ հանրության շրջանում մենք տեսնում ենք վերաբերմունքի որոշակի փոփոխություն և կարծում եմ՝ դատախազությունը, իրավապահ համակարգը և դատարաններն ի վերջո պիտի հանրության շրջանում ընկալվեն որպես ինստիտուտներ, որոնք պաշտպանում են մարդուն, որոնք պաշտպանում են իրավունքը, որոնք պաշտպանում են պետությունը, որոնք պաշտպանում են իրավակարգը և որոնք ասոցացվում են, նույնականացվում են արդարության ու արդարադատության հետ:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շատ կարևոր աշխատանք է կատարվել, իհարկե, ինչպես մեր, ինչպես իմ, այնպես էլ ձեր աշխատանքն անթերի չէ և սա ամենակարևոր արձանագրումն է բոլորիս համար, որպեսզի հետագա առաջընթացի համար ունենանք շարժառիթ և գիտակցում՝ արձանագրելով, որ մեզանից յուրաքանչյուրի անհատական ու ինստիտուցիոնալ աշխատանքի որակի շարունակական բարձրացումն այն առանցքային նպատակն է, որը միասին պետք է իրագործենք, այն առանցքային պարտավորությունն է, որն ունենք մեր ժողովրդի, մեր նահատակների առաջ: Նրանց առաջ ունեցած մեր ամենակարևոր պարտավորությունն ուժեղ, մրցունակ, արդար, հզոր, զարգացող պետություն ստեղծելն է: Եվ դատախազությունն այս ընթացքում պետությունը պաշտպանելու իր գործառույթը կատարել է և ես համոզված եմ, որ այդ գործառույթի կատարման որակի շարունակական բարձրացումը կարևորագույն խնդիր է, որի լուծումն անպայման տեղի կունենա մեր համատեղ աշխատանքի արդյունքում», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ընդգծել է, որ ընտրություններին վերաբերող բազմաթիվ դրվագներ սպասում են իրավական գնահատականների:

«Վստահ եմ, սակայն, որ այս փուլը ևս արժանապատվորեն անցնելու ենք, որովհետև նշածս հավատամքի կրողը ամբողջական դատախազական համակարգն է՝ իր դրսևորած բացառիկ կայունությամբ, պահի լրջության, ընտրությունների պատմական կարևորության և դրանցից ածանցվող՝ իր դերակատարության նշանակալիության խորքային ընկալմամբ:

Մենք ջանք չենք խնայելու մեր՝ ինչպես ավանդական գործառույթների իրականացման որակի ու բովանդակության ամենօրյա զարգացման, այնպես էլ հատկապես բոլորովին վերջերս ստանձնած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ որպես մեր երկրում սոցիալական արդարության վերականգնմանը միտված բացառիկ առաքելության նկատմամբ մեր հանրության սպասումներն արդարացնելու ուղղությամբ», – ասել է Արթուր Դավթյանը: