Շողակաթ համայնքում երաշտի հետևանքով կորսված է մոտ 80 տ հացահատիկ, 600 տ անասնակեր

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում տևական երաշտի հետևանքով այս տարի արդեն տնտեսությունները կորցրել են շուրջ 80 տոննա հացահատիկի բերք, 600 տոննա անասնակեր։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրեց Շողակաթ  համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի տարածքում ցանված ցորենի և գարու արտերը, որոնք կազմել են 40 հեկտար, երաշտի հետևանքով բնական աճ ու զարգացում չեն ապահովել, չեն հասցրել նույնիսկ հասկակալել, ուստի և ենթական չեն հնձման։ Բավարար աճ չեն ապահովել նաև ինչպես ցանովի, այնպես էլ բնական խոտհարքերը, որոնք կազմում են մոտ 300 հեկտար։

«Գյուղացիական տնտեսությունների համար շատ ծանր տարի է սպասվում։ Եթե նախկին տարիների պես հացահատիկի արտերն ապահովեին միջինը 2 տոննա բերք, ապա կունենայինք մոտ 80 տոննա հացահատիկի բերք, իսկ խոտհարքերից ակնկալում էինք մինչև 600 տոննա անասնակեր։ Սակայն ոչ մի հատիկ հնարավոր չէ հավաքել հացահատիկի արտերից, քանի որ բույսերը չեն հասկակալել, աճ չեն ունեցել, իսկ խոտհարքերը հնձվելու ենթակա չեն։ Տնտեսությունները փորձում են այլ վայրերից թանկ գներով անասնակեր գնել, որպեսզի կարողանան անասնագլխաքանակը ինչ-որ կերպ պահպանել ձմռանը։ Ընտանի թռչունների պահպանությունը ևս խնդիր է լինելու»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը։