«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 5-օրյա ժամկետում կդիմի ՍԴ. Արամ Վարդևանյան

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի ահռելի ծավալ է կիրառվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ-ին ներկայացրած դիմումին, որով պահանջում են անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները:

Նա աբուրդային համարեց ԿԸՀ-ի կողմից այդ դիմումի մերժումն ու քայլեր չձեռնարկելը՝ նշելով, որ այն էթիկայից դուրս արտահայտությունները, որոնք արվել էին քարոզարշավի ընթացքում, ուղղակի ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի վրա:

«Առհասարակ, երբ ասում ենք, որ ընտրական գործընթացն անվավեր է, դուք մի նայեք զուտ մաթեմատիկական տվյալներով. սա մեկ ձայն այս կողմ, երկու ձայն այն կողմը չէ: Դրա համար էլ հենց օգտագործում էինք համակարգված խախտումներ եզրույթը», – ասաց Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ եղել են համակարգված խախտումներ: «Եթե դիտարկում ենք անձնագրերի, զինվորների, շրջիկ մեխանիզմի հնարավորության  խնդիրները, գործ ենք ունենում 200 հազարից ավելի քվեի հետ. դա ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվ է: Այս հանգամանքներն ամբողջությամբ ներկայացվելու են ՍԴ»,- ասաց նա՝ նշելով, թե պատրաստվում են ՍԴ-ին ուղղված դիմումը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, համաձայն օրենքի՝ այսօրվա արդյունքների ամփոփումից հետո 5-օրյա ժամկետում:

«Սահմանադրական դատարանում վեճի լուծումից հետո նոր կքննարկենք մանդատների հարցը», – ասաց Վարդևանյանը: