Նիկոլին ու նիկոլենց լավ օրեր չեն սպասվում, մանդատները երկաթյա են լինելու, բայց ոչ իրենցը

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած մի շարք դաշինքներ ու կուսակցություններ արդեն իսկ հայտարարել են ընտրությունների արդյունքները չընդունելու, իսկ մի մասը չընդունելուց բացի, դրանք Սահմանադրական դատարանում բողոքարկելու մասին:

Ընտրակեղծիքներով և այլ խախտումներով ուղեկցված ընտրությունների արդյունքները չեն ընդունում «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք» դաշինքները, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, Հայաստանի դեմեկրատական կուսակցությունը… Հնարավոր է, առաջիկայում հայտնի դառնա ընտրությունների արդյունքները չընդունող, ՍԴ դիմող այլ դաշինքների ու կուսակցությունների մասին ևս:

Ընտրողներից ոմանք հավանաբար կմտածեն` է, լավ, թող չընդունեն, հետո՞ ինչ… Թող նույնիսկ սահմանադրական դատարան դիմեն, չէ՞ որ Նիկոլն ու նիկոլենք Սահմանադրական դատարանում արդեն կադրային հեղափոխություն են արել, պարզ չէ՞, թե ՍԴ-ն ինչ որոշում է ընդունելու…

Թեև ՍԴ-ի հետ կապված պատրանքներ չունեցողներից մեկն էլ տողերիս հեղինակն է, բայց ընդդիմադիր ուժերի տվյալ քայլը մարտավարական տեսանկյունից ճիշտ եմ համարում, պետք է սպառել բողոքի, պայքարի իրավական ընթացակարգերը: Հավատացեք, դա հենց այնպես չի արվում, ոչ էլ պարապությունից է, նպատակ կամ նպատակներ ունի, և ամեն ինչի մասին չէ, որ պետք է հիմա գրել, ժամանակը կգա, մեր հանրությունը կիմանա այդ մասին:

Հիմա անդրադառնամ ամենակարևորին` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից մանդատները վերցնել- չվերցնելու խնդրին; Այս հարցն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում, ԶԼՄ-ներում և հասարակության մեջ թերևս ամենամեծ ուշադրությանն արժանացած հարցն է:

Ինչպես արդեն նշել ու հիմնավորել եմ նախորդ վերլուծականներից մեկով , մանդատներից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հրաժարվելն աներկբայորեն հանգեցնելու է նրան, որ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողով չի ձևավորվելու և նշանակվելու են ԱԺ նոր ընտրություններ, քանի որ ԱԺ-ում առնվազն երեք քաղաքական ուժ պետք է լինի, իսկ ընտրություններին մասնակցած և անցողիկ շեմը չհաղթահարած այլ դաշինքներ ու կուսակցություններ մանդատներից վերոնշյալ դաշինքների հրաժարվելու դեպքում չեն կարող մանդատներ ստանալ:

Ոմանք գուցե մտածեն, թե մանդատներից վերոնշյալ դաշինքների հրաժարվելու դեպքում ԿԸՀ-ն, թեկուզ ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի խախտմամբ, Նիկոլի կամ մեկ ուրիշի պահանջով մանդատներ կտա ընտրություններին մասնակցած, բայց չընտրված այլ քաղաքական ուժերին, մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն էլ կհայտարարի, թե ինքն իրավասու է նրանց հետ ձևավորել խորհրդարան: Սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ լրագրողների հետ զրույցում այս տարբերակն արդեն բացառել է.

«Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքի սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,- ասել է ԿԸՀ նախագահը:

Հասկանալի է, որ եթե ԿՀԸ նախագահը կամ ԿԸՀ-ն հետագայում ինչ-ինչ պատճառով նույնիսկ մտափոխ լինի, զանց առնի օրենսգրքի ու Սահմանադրության պահանջները, ապա ինչպես ինքը, այնպես էլ Նիկոլն ու ՔՊ-ն օրենքից դուրս կհայտնվեն, նոր խորհրդարանն էլ կլինի ոչ լեգիտիմ, նրա ընդունած օրենքները, որոշումները` ի սկզբանե անվավեր: Այս ամենը համապատասխան քայլեր կատարելու առումով ընդդիմության ձեռքերը կազատի…

Նշեմ նաև, որ մանդատներից նշված դաշինքների հրաժարվելու և ԱԺ նոր ընտրությունների դեպքում դրանց մասնակցելու իրավունք կունենան միայն նախորդած ընտրությունների արդյունքում առավել շատ քվեներ ստացած քաղաքական ուժերը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Կասկածից դուրս է, որ այս դեպքում նշված դաշինքներն ընտրողների ավելի շատ քվեներ կստանան, քան ստացել են, իսկ ՔՊ-ն հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում ստացածից էապես քիչ: Թե ինչու, առաջիկայում դեռ հանգամանորեն կհիմնավորեմ:

Վերը շարադրվածը հաշվի առնելով, հասկանալի է դառնում, որ մանդատներից հրաժարվելը խիստ անհրաժեշտ է, ավելին` այն հաջորդ ընտրությունների արդյունքով նույնիսկ կարող է հնարավորություն ընձեռել Ալիևի և Էրդողանի համար ՀՀ նախընտրելի ղեկավարի, նաև շատ ադրբեջանցիների ու թուրքերի սիրելի անձի իշխանությունից ազատվելու, Արցախի և Հայաստանի փրկության համար:

Դժվար է չհամաձայնել այն տեսակետի հետ, որ մանդատներից չհրաժարվելը կնշանակի, որ հիշյալ դաշինքների նպատակը ոչ թե հայրենիքի փրկությունն է, այլ պաշտոններ և իշխանություն ձեռք բերելը: ԲԱ՛ՅՑ… Հենց այստեղ է, որ գալիս է մյուս կարևոր հարցը` մանդատներից հրաժարվել հիմա՞, թե խորհրդարանի աշխատանքից 1- 2 կամ մի քանի ամիս անց… Որոշ քաղաքական ուժեր, գործիչներ և այլ անձինք պահանջում են մանդատներից հրաժարվել հիմա, մինչդեռ դա, կարծում եմ, կոպիտ սխալ կլինի:

Նիկոլից ու նրա իշխանությունից ազատվելու և հայրենիքի փրկության համար անհրաժեշտ է մանդատներից հրաժարվել մի քանի ամիս կամ, թեկուզ, 1 տարի հետո (ԲԱՅՑ ԱՆՊԱՅՄԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ), իհարկե, որոշակի պայմաններով, որ այդ ընթացքում Նիկոլին ու նրա իշխանությանը թույլ չի տրվի `

1․Հայաստանին տարածքային նոր կորուստներ պատճառել, դա կբացառվի, այսինքն` եթե կա և կօգտագործվի դա թույլ չտալու հնարավորությունը,

2․ճնշումներ կիրառել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին համակրող քաղաքապետերի, գյուղապետերի նկատմամբ, ինչպես արդեն կիրառվել է Օձունի գյուղապետի նկատմամբ, հասնել նրանց հրաժարականներին,

3․սադրել քաղաքացիական պատերազմ:

Այսօրվա մամուլի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանի պատասխաններից, դրանց վերլուծությունից և այլ տեղեկություններից պարզ է արդեն, որ «Հայաստան» դաշինքը, ավելի ճիշտ, նրա պատգամավորները մի որոշ ժամանակ հետո հրաժարվելու են մանդատներից: Նրանց նպատակը Նիկոլի մոտ կամ դավաճանի իշխանությունում պատգամավոր աշխատելը, պաշտոնները չեն, իսկ մանդատները ստանալու նպատակը Հայաստանը Նիկոլի իշխանությունից ազատելն է, Նիկոլից ու նրա իշխանությունից փրկելը:

Մի փոքր համբերություն, առաջիկա հրապարակմամբ կհիմնավորեմ, թե ինչու կոպիտ սխալ կլինի մանդատներից հիմա հրաժարվելը և դա պետք է անել որոշ ժամանակ անց:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան