Ի՞նչ պետք է անել ներկա իրավիճակում. այսօր շատերն են այս հարցը տալիս, փնտրում պատասխաններ, առաջարկում լուծումներ…

Կարծում եմ, նախևառաջ անհրաժեշտ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հնարավոր է նաև` քաղաքական այլ ուժեր, անհապաղ հրավիրեն հանրահավաք (ինչպես ժողովուրդն է ասում, երկաթը պետք է տաք- տաք ծեծել), ընդգծեն, որ ընտրությունների կեղծ արդյունքները տարաբնույթ, այդ թվում նաև կոպիտ ընտրախախտումների հետևանք են, ինչպես նաև ներկայացնեն, թե առաջիկայում ինչ քայլեր պետք է արվեն:

Երկրորդ. «Հայաստան» դաշինքն արդեն հայտարարել է Սահմանադրական դատարանում ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու իր մտադրության մասին, սակայն մինչև ՍԴ որոշումը, պետք է հրաժարվի մանդատները ստանալ, ընդ որում, այդ մասին պետք է հստակ նշի ՍԴ ներկայացվելիք դիմումում:

Երրորդ. հաշվի առնելով ՍԴ-ի այժմյան կազմը ու նրա անդամներից ոմանց հանդեպ հնարավոր քաղաքական ճնշումները, միանգամայն սպասելի է, որ Սահմանադրական դատարանը կկայացնի «Հայաստան» դաշինքի (հնարավոր է նաև` ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական այլ ուժերի) դիմումը մերժելու որոշում, ինչի դեպքում արդեն պետք է ընդհանրապես հրաժարվել մանդատները ստանալուց:

Ի՞նչ իրավական հետևանքներ են սպասվում մանդատներից հրաժարվելու դեպքում. Ահա հենց այստեղից է, որ սկսվում է, թերևս, ամենահետաքրքիրը… ՀՀ Սահմանադրությամբ, ըստ էության, տրված է այս հարցի պատասխանը, սահմանված են Ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակի բոլոր տարրերը: Դրանցից թեկուզ մեկնումեկի բացակայության պարագայում խաթարվում է օրենսդիր մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակը, ավելին` խախտվում են Սահմանադրությամբ սահմանված մի շարք հիմնադրույթներ:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է»: Հարկ է ընդգծել, որ խորհրդարանում միայն իշխանական խմբակցության առկայությունն արդեն իսկ բացառում է, որ այդպիսի կազմով Ազգային ժողովը դիտարկվի ու հանդես գա իբրև ներկայացուցչական մարմին, մինչդեռ ԱԺ-ի` ժողովրդի ներկայացուցչական մարմին լինելը ՀՀ Սահմանադրության իմպերատիվ, այսինքն` պարտադիր կատարման ենթակա պահանջն է:

Սահմանադրությունն Ազգային ժողովին դիտարկում է այնպիսի կարգավիճակով օժտված մարմին, որում պարտադիր պետք է լինի նվազագույն մաս կազմող ընդդիմություն՝ անկախ նրանց ձայների քանակից, որպեսզի կարողանան իրացնել Սահմանադրությամբ ամրագրված մի շարք լիազորություններ: Սահմանադրությունում ամրագրված են վերոնշյալին համապատասխան մի շարք կառուցակարգեր և ընթացակարգեր: Մասնավորապես, ըստ ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»:

Ավելին. Սահմանադրության մի շարք այլ հոդվածներով նախատեսված են լիազորությունների այնպիսի կառուցակարգեր, որոնք նախատեսված են հենց փոքրամասնությամբ պայմանավորված շեմը հաղթահարելու ունակ ընդդիմադիր ուժերի համար, ինչն արտացոլված է նաև «Սահմանադրության բարեփոխումների»‰ հայեցակարգով: Ըստ Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասի, «Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային  հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող  փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բոլոր պատգամավորները հրաժարվեն իրենց մանդատներից, ասել է` նշանակում է, որ նրանցից ոչ ոք մանդատ չի ստանա, և ճիշտ է պատասխանել, քանի որ ցուցակներում ընդգրկված պատգամավորության թեկնածուներին հնարավոր չէ ստիպողաբար մանդատ տալ:

Դիտարկմանը, թե այդ դեպքում խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Մուկուչյանը պատասխանել է. «Խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան»։ Եղածը, սակայն, ուժեր չեն, այլ մանդատներից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորության բոլոր թեկնածուների հրաժարվելու դեպքում ընդամենը մեկ ուժ` «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը, ինչպես հայտնի է, ընդդիմադիր չէ, այլ իշխանական: Մյուս հարցին, թե վերոնշյալ իրավիճակը մեխանիկորեն չի՞ հանգեցնում նոր արտահերթ ընտրությունների, ԿԸՀ նախագահը պատասխանել է, որ այս պահին կդժվարանա հստակ պատասխան ներկայացնել։

Շատ կարևոր է նաև ընտրողներին հուզող մեկ այլ հարցի առնչությամբ Մուկուչյանի պատասխանը: Մանդատները ստանալուց վերոնշյալ դաշինքների հրաժարվելու դեպքում ի՞նչ է լինելու… Խոսքը, պարզաբանենք, այն մասին է, թե, ասենք, ԲՀԿ-ն կամ այլ քաղաքական ուժ նշված դաշինքների հրաժարվելուց հետո կարող են մանդատներ ստանալ ու ՔՊ-ի հետ խորհրդարան ձևավորել:

«Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքի սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,- ասել է ԿԸՀ նախագահը:

Ընդգծենք, որ 20.06.2021թ. ընտրությունների արդյունքում ԸՕ-ով սահմանված կարգով այդ մանդատները կարող են ստանալ միայն 7 տոկոսի շեմը հաղթահարած «Հայաստան» դաշինքը և թեկուզ անցողիկ շեմը չհաղթահարած, բայց առավել շատ քվեներ ստացած երրորդ (ոչ թե չորրորդ, հինգերորդ կամ այլ) քաղաքական ուժը, այսինքն` տվյալ պարագայում «Պատիվ ունեմ» դաշինքը:

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի, «Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները» (ընդգծումը` մերը):

Ինչպես ակնհայտ է, 4 կամ ավելի կուսակցությունների մասին որևէ խոսք չկա, այսինքն մանդատներից հիշյալ դաշինքների հրաժարվելու դեպքում առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած այլ կուսակցություններ կամ դաշինքներ չեն կարող մասնակցել մանդատների ստացմանը, քանի որ նրանք չեն կարող համարվել առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ:

Եթե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը հայտարարի, թե ինքն ընդդիմադիր ուժերի դիրքորոշման հետ ոչ մի առնչություն չունի և իրավասու է ձևավորել խորհրդարան, ապա թերի կազմով ԱԺ-ի հետագա գործունեությունը կդառնա միանգամայն հակասահմանադրական, հետևաբար հենց այդ հիմքով վիճարկելի կդառնա տվյալ խորհրդարանի ընդունած ցանկացած որոշում կամ օրենք: Ավելին. այդպիսի խորհրդարանով ձևավորված իշխանությունն առավել ևս չի կարող լինել լեգիտիմ:

 

Արթուր Հովհաննիսյան