Լևոն Տեր-Պետրոսյանը և «Գորշ գայլեր»-ը. այժմ դեռ միայն շատ հպանցիկ…

Դուք անտարբեր կլինե՞ք` տեսնելով հանկարծ վերակենդանացող կամ վերակենդանացման փորձ կատարող մեռելի… Դե, իհարկե, ոչ: Դե, ես էլ չկարողացա անտարբեր լինել` տեսնելով քաղաքական մեռելների շարքից վերակենդանացող կամ վերակենդանացման փորձ կատարող «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը (ՀԱԿ)` իր առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ, Արցախի հարցում իր դիրքորոշմամբ հանրությանը հայտնի, ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայր Լևոն Տեր- Պետրոսյանով հանդերձ: Հիշողություններն ինձ տարան ոչ հեռավոր անցյալ…

LIVEnews.am-ի տաղավարում երեկ հաղորդմանս հյուրը` բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԱԳՆ-ի նախկին աշխատակից Անգելինա Գասպարյանը, հիշեցրեց  Ֆրանսիայում 1993թ. Լևոն Տեր- Պետրոսյանի հանդիպումը «Գորշ գայլեր»-ի հետ: Տիկին Գասպարյանն այս տեղեկությունը չի հորինել, հիշեցրել է իրականում կայացած հանդիպման մասին:

2008թ. հունվարի 10-ին գրել է Openarmenia.am-ը գրել է . «Ինչ կապ կարող է լինել Լևոն Տեր-Պետրոսյանի և թուրքական ծայրահեղական Գորշ գայլեր կազմակերպության և դրա քաղաքական թևի` Ազգայնական շարժում կուսակցության միջև»:

Շարունակելով թեման, կայքը գրել է. «Դեռ 2005թ. ապրիլին, «Միլլիյեթը» (թուրքական ազդեցիկ թերթերից մեկը.- Ա.Հ.) հրապարակել է երեք մասից բաղկացած հոդվածաշար, որն անդրադառնում էր «Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալփասլան Թյուրքեշի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 1993թ. մարտին Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը…»:

Եվս մեկ մեջբերում նույն հրապարակումից.

«Այս առումով, կարծում ենք, ընթերցողին էլ կհետաքրքրի հայ-թուրքական գաղտնի դիվանագիտության շրջափուլերից մեկը, որը վարվել է ՀՀ նախագահի եւ Թուրքիայի ցեղապաշտ ուժերի միջեւ: 14 տարի առաջ ֆրանսիական մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում («Grillon».- Ա.Հ.) գաղտնի հանդիպում են ունեցել թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Թյուրքեշը ու Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Միլլիյեթը», վկայակոչելով ժամանակին Տեր-Պետրոսյանի հետ սերտորեն գործակցած, Թուրքիայում ծնված հայազգի Սամսոն Էոզարարատին (խոսքը հայազգի կամ այդպես ներկայացող հայտնի թուրքամետ լոբբիստ, մասոն կամ, առնվազն, մասոնների հետ սերտ կապեր ունեցող Սամսոն Օզարարատի մասին է.- Ա.Հ.), պարզաբանումներ է ներկայացնում նախկինում մամուլից եւ հասարակայնությունից գաղտնի պահվող հանդիպումների վերաբերյալ»:

Առավել հետաքրքիր են Լևոն Տեր-Պետրոսյանի մասոն լինելու, մասոնության ու ԽՍՀՄ ՊԱԿ-ի (ԿԳԲ-ի) հետ առնչությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնց կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներից մեկով:

 

Արթուր Հովհաննիսյան