Ենթադրելի է, որ հունիսի 20-ին ընդառաջ, ՀՀ-ում կլինեն նոր պատվիրված սպանություններ, վենդետաների աննախադեպ շղթայական ռեակցիա (տեսանյութ)

եթե իրավապահներն այժմյանից իրենց դերում չլինեն

 

Հանցավոր անգործության դեպքում իրավապահները նույնպես կանգնելու են պատասխանատվության առջև:

ՀՀ ոստիկանությունն այսօր շտապեց իր կայքում հայտարարել , որ «Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, հանցագործության գործիք հրազենը՝ հայտնաբերվել»:

Վերոնշյալ վերտառության ներքո ոստիկանության հրապարակած պաշտոնական տեղեկատվությանը ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ իրականում բացահայտվել է միայն սպանությունը կատարած անձը` օտարերկրյա քաղաքացի (ոստիկանությունը չի հայտնել, թե որ երկրի), 23-ամյա Ալեքսանդր Բուզմառևը: Սակայն, դատելով ամենից, նա ընդամենը վարձու մարդասպանը`քիլերն է, կամ սպանության գործը հանձն առած անձնավորությունը, իսկ սպանության պատվիրատուն կամ գուցե պատվիրատուները մնում են չբացահայտված, հետևաբար, խոշոր հաշվով, սպանությունն էլ դեռ բացահայտված չէ:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Երևանի կենտրոնում, Աբովյան փողոցում հունիսի 2-ին Ալեքսանդր Բուզմառևն է ատրճանակով կրակել Գավառի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Վարդանյանի գլխին ու սպանել նրան, ապա դիմել փախուստի:

Հովհաննես Վարդանյանը Ռաֆայել Մարդոյանի` «Քյավառցի Ռաֆո» մականվամբ հայտնի քրեական հեղինակության վարորդ- թիկնապահն էր: «Դեժավյու»-ին տեղեկություն փոխանցած աղբյուրը հայտնել է, որ Աբովյանի վրա 10։30 մահափորձ է կատարվել «Քյավառցի Ռաֆո» հեղինակության վրա, սակայն սպանվել է վերջինիս վարորդը։

ՀՀ ոստիկանությունն իր վերոնշյալ հաղորդագրությամբ թեև Ռաֆայել Մարդոյանի անունը չի նշել, սակայն, ըստ էության, հաստատել է այս տեղեկությունը. «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նախ պարզեցին, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Հովհաննես Վարդանյանի հետ եղած տղամարդու վրա»։

Գուցե հենց այդպես էլ կա, բայց այն փաստը, որ նման սպանությունների համար ընտրվում են պրոֆեսիոնալ քիլերներ, իսկ այդպիսի մեկը մոտ տարածությունից կրակելիս, եթե խանգարող լուրջ հանգամանք չլիներ, դժվար թե վրիպեր և Ռաֆայել Մարդոյանի փոխարեն, սպաներ նրա վարորդ- թիկնապահին, կասկածի տեղիք է տալիս: Բացառված չէ, որ մարդասպանի թիրախը հենց Հովհաննես Վարդանյանն է եղել, իսկ սպանության նպատակը դրանով Ռաֆայել Մարդոյանին ուղերձ հղելը, հասկացնելը, որ եթե չենթարկվեք, չվարվեք այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, հաջորդը դուք եք լինելու:

Հնարավոր է նաև, որ թիրախը հենց Ռաֆայել Մարդոյանն է եղել` համարելով, որ նրանից ինչ-որ բան պահանջելը, ենթարկեցնելն անհույս է, պետք է ուղղակի վերացնել, սակայն մեզ անհայտ հանգամանքների բերումով սպանվել է նրա վարորդ- թիկնապահը: Հարկ է նաև նկատի ունենալ, որ Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ ոչ վաղ անցյալում մի շարք մահափորձեր են կատարվել:

Շա՜տ ուշագրավ զուգադիպությամբ վերոնշյալ սպանությունից ընդամենը 2 օր առաջ`մայիսի 31-ին, Էջմիածին քաղաքում, «Զվարթնոց» թաղամասի կամրջի տակ, հրազենի գործադրմամբ առայժմ անհայտ քիլերը (այո, այո, հե՛նց քիլերը, համարեք դա իմ ներքին համոզմունքը, երբ որ քննությունը հակառակը կապացուցի, ներողություն կխնդրեմ) սպանել է դարձյալ քրեական հեղինակություն համարվող, հայկական մշակութային արժեքների պահպանման գործի մեջ ներդրում արած բարերար էջմիածնեցի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբորը։

Կապ կա՞ արդյոք վերոնշյալ երկու սպանության պատվիրատուի (պատվիրատուների) և սպանության նպատակների միջև: Կարծում եմ, այո: Մի շարք ԶԼՄ-ների, ինչպես, օրինակ, Times.am -ի, Videoblog.online -ի հրապարակումների համաձայն` սպանված Հովհաննես Վարդանյանը և «Քյավառցի Ռաֆոն» կապված են վերջերս սպանված Դոն Պիպոյի եղբոր հետ նույնպես։

Պարտադիր չէ, բայց նաև բացառված չէ, որ Դոն Պիպոյի եղբոր սպանությունը հենց նույն` Հովհաննես Վարդանյանին սպանած քիլերը կատարած լինի, դա դեռ պետք է քննությամբ պարզվի: Արթուր Ասատրյանի եղբոր սպանությունը ևս, կարծում եմ, յուրօրինակ ուղերձ, հաղորդագրություն էր` ուղղված հենց Արթուր Ասատրյանին, որ եթե չենթարկվեք, հաջորդը դուք եք լինելու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, մայիսի 5–ին առայժմ չհայտնաբերված մարդասպանն Էջմիածնում ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել էր Արթուր Ասատրյանի թիկնապահներից մեկին` 29-ամյա Ռազմիկ Սողոյանին: Սպանության պատվիրատուն դարձյալ, հավանաբար, նպատակ ուներ Արթուր Ասատրյանին ինչ- որ բան հասկացնել, բայց քանի որ Դոն Պիպոն ենթադրաբար չի կոտրվել, չի ենթարկվել պահանջին, նույն ամսվա վերջին օրն արդեն թիրախ է ընտրվել նրա եղբայրը:

Ընդգծենք, որ Հայաստանում քրեական հեղինակությունները որոշակի դեպքերում ու պայմաններում, հատկապես ընտրություններից առաջ և ընթացքում բավական ազդեցիկ, լուրջ դերակատարում ունեցող ուժ են կամ ուժ են եղել, համենայն դեպս, այդ մասին են վկայում անցյալի փորձն ու ԶԼՄ-ների հրապարակումները, ըստ որոնց, օրվա իշխանություններն այդ ընթացքում հիշում են նրանց ու փորձում օգտվել նրանց ծառայություններից, ինչպես նաև զսպել նրանց, որոնք կարող են իրենց դեմ աշխատել…

Հիմա ընդամենը մեկ հարց` պատահակա՞ն է արդյոք, որ քրեական հեղինակությունների հետ անմիջական առնչություն ունեցած վերոնշյալ երեք անձանց սպանությունը կատարվել է ներքաղաքական խիստ լարված մթնոլորտում նշանակված ու ներկայիս իշխանության համար բախտորոշ Ազգային ժողովի ընտրություններից ընդամենը մեկ ամիս, վերջին երկուսի պարագայում կարելի է ասել նույնիսկ մոտ երեք շաբաթ առաջ… Եվ մի՞ թե այս փաստը, այս հանգամանքն իրավապահների ուշադրությունը չի գրավելու…

Անդրադառնանք «Քյավառցի Ռաֆո» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ նախկինում կատարված մահափորձերին: Վերջինս այնքան է զգուշացել իր կյանքի նկատմամբ եղած սպառնալիքից, որ տեղից տեղ է ուղևորվել ռուսական պետհամարանիշերով զրահապատ ավտոմեքենայով: Ըստ Tert.am-ի հրապարակման , «Աբովյան փողոցում կայանված են եղել ռուսական պետհամարանիշերով երկու զրահապատ մեքենա, երկուսն էլ պատկանել են «Քյավառցի Ռաֆոյին»»:

Նույն հրապարակման համաձայն` Ռաֆայել Մարդոյանի «նկատմամբ մահափորձ արվել է Երևանում մեկ անգամ ևս, մեկ այլ քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» հոր հուղարկավորության ժամանակ: Ըստ այն ժամանակ շրջանառվող լուրերի՝ պատվիրատուն Արտյոմ Կանևսկոն էր:

Ավելի վաղ՝ 2018-ին սպանության փորձ Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ պլանավորել են նաև ԱՄՆ-ում՝ Գլենդելի հայկական հյուրանոցների մեկի մոտ, որտեղ հանգստի էր գնացել քրեական հեղինակությունը: Այդտեղ կրակոցներ էին արձակել, որի հետևանքով սպանվել էր մեկ այլ անձ:

Դրանից որոշ ժամանակ առաջ կրակոցներից մի քանի վիրավորում էր ստացել Ռաֆայել Մարդոյանը և տեղափոխվել ԱՄՆ հիվանդանոցներից մեկը:

Մոսկվայում ևս մահափորձ իրականացրել են «Քյավառցի Ռաֆոյի» նկատմամբ»:

Շա՜տ ուշագրավ զուգադիպությամբ թե Արթուր Ասատրյանը, թե Ռաֆայել Մարդոյանը, թե Արամ Վարդանյանը, որքան հայտնի է, քրեական այն հեղինակություններից են, որոնք, ի պատիվ իրենց, չեն կոտրվում ու չեն ենթարկվում ՀՀ գերագույն գլխավոր դավաճանին կամ նրա իշխանությանը, համենայն դեպս, վերջինիս նկատմամբ իրավապահների ընդգծված հետապնդումների մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան:

«Բանդուրյան եղբայրները հնուց են հայտնի՝ «քյավառցի կամ նորատուսցի Ալիկ եւ Արա» եղբայրները ծնունդով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից են,- 2019թ. հունվարի 19-ին գրել է «Հրապարակ»-ը:- Նրանք տարիներ շարունակ այս տարածաշրջանը ահուդողի մեջ են պահում, ասում են, որ դրան նպաստում են իշխանական վերնախավում ազդեցիկ հովանավորները, որոնց թողտվությամբ էլ ծավալում են իրենց կրիմինալ գործունեությունը: Խոսակցություն կար, որ եղբայրներից Ալիկը պետք է կարգվեր «օրենքով գող»: Բանդուրյան եղբայրները մտերիմ հարաբերություններ ունեին տարիներ առաջ մահացած «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ «Կանեւսկոյ Արմենի» եղբոր՝ Արտյոմ Հարությունյանի հետ»:

Իսկ հիմա չունե՞ն…

2019թ. հունվարի 15-ին Yerevan.today-ը տեղեկացրել է.

«Politik.am-ը գրել է. Թավշյա իշխանությունները, պարզվում է, ևս անմասն չեն կրիմինալի հետ շփումներից: Փաշինյանի քաղաքական թիմը ևս ակտիվ շփումներ և լավ հարաբերություններ ունի քրեական աշխարհի հետ: Վառ օրինակ է իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի թիկնապահի դերը իրականացնող, այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով մինչ պատգամավոր դառնալը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը:

Հայկ Սարգսյանը լավ հարաբերություններ ունի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ և Արա եղբայրների հետ: Ի դեպ, պետք է նկատել, որ նախկին իշխանությունների ժամանակ սպանության պատվերի համար կալանավորված Նորատուսցի Ալիկը ազատ արձակվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»:

2019թ. հունվարի 19-ին «Հրապարակ» թերթը գրել է .

«Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից ոմանց մեղադրում են գողականների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ։ Ամենից շատ նման մեղադրանքներ հնչում են հեղափոխության շրջանում Փաշինյանի «ախրաննիկ», այնուհետեւ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ նշանակված, այժմ պատգամավոր ընտրված Հայկ Սարգսյանի հասցեին։ Ըստ տարածված լուրերի՝ նա մտերիմ է իր հարազատ Գեղարքունիքի մարզի գողականներից Նորատուսցի Ալիկի հետ, ով նաեւ աջակցել է իր ընտրությանը»։

2019թ. մայիսի 7-ին «Ժամանակ» թերթը գրել է . «Վերջերս լրագրողները ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին տեսել էին բավական թանկարժեք Mercedes-AMG GT C Roadster մեքենայի ղեկին: Սարգսյանն արդարացել էր, թե մեքենան պատկանում է ռուսաստանաբնակ ընկերոջը:

Պատգամավոր Սարգսյանի եւ վարչապետի օգնական նրա եղբոր տանիքն են շինանյութի Սերգեյն ու Նորատուսցի Ալիկը: Իսկ մեքենան այդ տանիքության հետեւանքներից է:

իշեցնենք, որ սեփական ունեցվածքը ուրիշներին վերագրելը Հայկ Սարգսյանի հայտնագործությունը չէ»:

Կարծում ենք, վերոնշյալ մեջբերումներով արդեն ուրվագծվեց Հայկ Սարգսյան- Նորատուսցի Ալիկ (Ալիկ Բանդուրյան)- Արտյոմ Հարությունյան կապը, որի եղբայր «Կանևսկոյ Արմենը», ըստ Ռաֆայել Մարդոյանի (Քյավառցի Ռաֆոյի) նկատմամբ Երևանում կատարված մահափորձի ժամանակ շրջանառվող լուրերի, նրա հանդեպ չստացված սպանության պատվիրատուն էր:

Չափազանց ուշագրավ ևս մեկ փաստ. մամուլից որպես Փաշինյանի «ախրաննիկ» և «Շիշ բռնող» մականունով հայտնի ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի, ավելի ճիշտ, նրա բանդայի անունն օրերս ԶԼՄ-ներում ամենասերտ կերպով կապվեց Արթուր Ասատրյանի  (Դոն Պիպոյի) եղբոր սպանության հետ: Ի դեպ, ժամանակին անհաջող մահափորձ է կատարվել հենց իր` Դոն Պիպոյի նկատմամբ, որը, ըստ մամուլի, կատարվել է Արտյոմ Կանևսկու պատվերով:

Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած վերոնշյալ տեղեկատվության, Աբովյան փողոցում «Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին (Ալեքսանդր Բուզմառևին.- Ա.Հ.) հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակվում են»:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին առաջարկում եմ գրազ գալ, որ ներկայիս իշխանության օրոք, համենայն դեպս, մինչև հունիսի 20-ը Ալեքսանդր Բուզմառևը չի հայտնաբերվելու և քննությանը չի ներկայացվելու:

Մենք հիմա նույնիսկ անվերահսկելի 90-ականներից ավելի վատ ժամանակներում ենք ապրում, մինչդեռ հիշո՞ւմ եք Նիկոլի խոսքը՝ «մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու»։

Օրերս խիստ զայրացած վիճակում հրապարակային տեսաուղերձով հանդես եկավ Արցախյան պատերազմի մասնակից, «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը: Զուտ նրա հայհոյանքների պատճառով է, որ տվյալ տեսանյութը չեմ ներկայացնում այս հրապարակմանը կից: Արթուր Այվազյանը շատ հստակ, ի գիտություն նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, հայտարարեց, որ Հայաստան են հրավիրվել կամ մուտք գործել վեց քիլեր, որոնք նպատակ ունեն իրեն սպանելու, և որ այդ մասին ԱԱԾ-ում քաջատեղյակ են:

Չնայած նախապատրաստվող հանցագործության մասին սույն հրապարակային հաղորդմանը, ՀՀ ոստիկանության կամ ԱԱԾ-ի կողմից չեղավ որևէ արձագանք, քար լռություն է, կարծես այդպես էլ պետք է լինի: Ենթադրելի է, որ հունիսի 20-ին ընդառաջ, ՀՀ-ում կլինեն նոր պատվիրված սպանություններ, ինչին կհաջորդի վենդետաների աննախադեպ շղթայական ռեակցիան, եթե իրավապահներն այժմյանից իրենց դերում չլինեն: Հանցավոր անգործության դեպքում վաղը նրանք նույնպես կանգնելու են պատասխանատվության առջև: Իսկ եթե, Աստված մի արասցե, Մանախին մի բան պատահեց, նրա արյան վրեժի համար պատվիրատուների կամ որոշ իշխանավորների դատաստանը նույնիսկ կարող է ավելի շուտ լինել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան