«Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման հայտ չի ներկայացրել․ ՀԾԿՀ նախագահ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Գարեգին Բաղրամյանը նախ հայտնեց, որ գազի ներմուծման պայմանագիրը երկարաձգվել է մինչև հուլիս: Դրանից հետո պետք է լինի նոր պայմանագիր:

«Անկախ նրանից, թե ինչ կբանակցեն և սահմանին ինչ գին կձևավորվի, վերջնական սպառողների համար սակագների փոփոխության հստակ ընթացակարգ կա, կամ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի սակագնի վերանայում, կամ պետք է լինի սակագնի վերանայման հայտ: Իսկ այդ հայտնի ուսումնասիրության համար օրենքով նախատեսված է առնվազն 80 աշխատանքային օր քննարկում: Քննարկման ավարտից հետո սահմանված սակագներն էլ ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Այս պահին սակագնի վերանայման հայտ չունենք»,- ասաց Բաղրամյանը: