Կովիդի ու պատերազմի հետևանքով ավելի քան 10 000 մահերից հետո ընտրողների թիվը․․․ 10 000-ով ավելացել է

Օրերս ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվեց  ՀՀ ընտրողների քանակի վերաբերյալ ոստիկանության տեղեկանքը, ըստ որի՝ ընտրողների ընդհանուր թիվն այս տարի 2 միլիոն 583 հազար 823 է: Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը՝ 855 հազար 631: Երևանին հաջորդում է Կոտայքը՝ 242 հազար 490 ընտրողով: Ամենափոքր թվով ընտրողներն ունի Վայոց ձորը՝ 45 հազար 791: Ի տարբերություն 2018 թվականի, երբ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 էր, այս տարի այդ թիվն աճել է 10 044-ով, այսինքն այս տարի 10 044-ով ավել ընտրող կա Հայաստանում:

Այս տարբերությունը տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում՝ մանավանդ այս իշխանություններից դժգոհ քաղաքացիների շրջանում, որոնք ընտրությունները կեղծելու մտավախություն ունեն։ Արդեն իսկ անձնագրեր կեղծելու մասին խոսակցությունները մի շարք հարցեր են առաջացրել, որոնց պատասխաններ չեն տրվում։ Թեև դժվար թե իշխանական օղակներից հնչած պատասխանները համոզիչ լինեն, քանի որ նրանք ամբողջությամբ սպառել են իրենց հանդեպ վստահության չափաբաժինը։ Ինչևէ։

Ամեն դեպքում LIVEnews փորձեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված ընտրողների թվի այդպիսի տարբերությունը, ի վերջո երեք տարվա ընթացքում մոտ 10 հազար անձով ընտրացուցակների համալրման հանգամանքը չի կարող բնականոն համարվել, մանավանդ եթե հաշվի առնենք թե կովիդից, թե պատերազմից մահացածների թիվը, որն ընդհանուր առմամբ գերազանցում է 10 հազարը։ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հորդորեց այդ մեկ հարցի համար գրավոր դիմել իրենց՝ չկարողանալով հստակեցնել, թե պատասխանը ե՞րբ կստանանք՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, թե մեկ ամիս հետո, երբ ընտրություններն ավարտված կլինեն և հարցը կորցրած կլինի իր հրատապությունն ու կարևորությունը։ Բանն այն է, որ այս վարչախմբի օրոք ամեն անգամ այս կամ այն գերատեսչության լրատվականների հետ աշխատանքի համար պատասխանատու բաժինները կայուն ավանդույթ են ձևավորել մասնավորապես մեր լրատվականից ուղարկած հարցումների պատասխանները մեկ ամսից ավելի անհիմն ձգձգելու՝ խախտելով սահմանված ընթացակարգերն ու ժամկետները և մեկ ամիս հետո կիսատ-պռատ, լղոզված պատասխաններ ուղարկելու։ Հետաքրքրվեցինք Զարզանդ Գաբրիելյանից՝ իրենք այդ հարցի պատասխանը չգիտե՞ն փաստորեն, իրենց դա չի՞ հետաքրքրել, դեռ չե՞ն հստակեցրել, որ մեզնից գրավոր հարցում են ուզում և չեն կարող բանավոր պատասխան տալ։ ԶԼՄ-ների հետ կապի պատասխանատուն ասաց, թե ինքը ոչինչ չգիտի, ոչնչից տեղյակ չէ՝ հարուցելով մեր զարմանքը։ Երբևէ մամուլի հետ կապերի պատասխանատուից այսպիսի անհեթեթություն չէինք լսել, այդ դեպքում ո՞րն է նրանց գործառույթը, եթե միայն կարող են հորդորել՝ գրավոր ուղարկեք ձեր պատասխանները։ Նույն հաջողությամբ այդպիսի պատասխան կարող ենք ստանալ շարքային գործավարից կամ գործավարուհուց։ Մեր հարցի պատասխանը հնարավորինս արագ ստանալու նպատակով նրանից պահանջեցինք հարցազրույց անձնագրային և վիզաների վարչության պետի հետ, ինչը ևս մերժվեց, մեզ ասացին, թե պարոն ոստիկանը խիստ ծանրաբեռնված է և անգամ հինգ րոպե ժամանակ չունի մեր հարցերին պատասխանել։ Գուցե վարչության պետը զբաղված է իշխող վարչակարգի համար ընտրություններ կեղծելու պատասխանատու գործով, ինչպես ոստիկանության մյուս բաժինները իրենց հիմնական գործառույթները մոռացած՝ վարչապետի հետույք են պահում։

Ամեն դեպքում մենք կփորձենք գրավոր ստանալ մեզ հետաքրքրող հարցի պատասխանը։

Եվ վերջում հավելենք, որ իբրև գործընկերոջ՝ խորհուրդ տվեցինք Զարզանդ Գաբրիելյանին՝ հրաժարվել մի թիմի հետ աշխատանքից, որը կամ զրկել է նրան տեղեկացված լինելու հնարավորությունից՝ այդպիսով նաև վարկաբեկելով նրա մասնագիտությունն ու աշխատանքը և կամ նա պարզապես ամաչում է պատասխանատվություն կրել այդ թիմի արածների համար, սակայն տուն պահելու պատրվակով շարունակում է գնալ աշխատավայր՝ զրկված լինելով իր հիմնական գործառույթները կատարելու հնարավորությունից, ինչպիսին, օրինակ, լրագրողների հարցերին հստակ պատասխաններ տալն է, ոլորտի մասին տեղեկացված լինելը։

Թագուհի Ասլանյան