Մեր հույսը միայն Ռուսաստանն է. ակցիա ՀՀ–ում ՌԴ դեսպանության առաջ

«Պուտին, օգնիր մեզ», «գեներալ Մուրադով, շնորհակալություն». այս գրվածքներով պլակատներով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առաջ։ Նրանց խնդրանքն է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զբաղվի անհետ կորածների հարցով։

«Մեր խնդրանքն է, որ դուք այս հարցին ուշադրություն դարձնեք, մեր հույսը միայն Ռուսաստանն է։  Մեր ղեկավարությունը կորցրել է կոմպետենտությունը, այս պահին ոչ մեկ ոչնչով չի զբաղվում։ Ես դիմում եմ Ռուսաստանի նախագահին, արտաքին գործերի նախարարին, Պաշտպանության նախարարին, խնդրում եմ, չգիտեմ ինչպես, բայց  հասեք նրան, որ  Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի մեր գերիներին ու մեզ վերադարձնի նրանց»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը հայտնել է, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանին են բանակցությունների ուղարկել Ռուսաստան՝ մինչդեռ նրա նկատմամբ Ռուսաստանում բացասական վերաբերմունք կա, բացի դրանից, նա չի կարողանում որևէ հարց լուծել։

«Նա՞ պետք է պաշտպանի մեր երեխաների շահերը, աբսուրդ է։ Նույն իրավիճակը սահմանի հետ է կապված։ Ես կարծում եմ, որ Ռուսաստան պետք էր ուղարկել գեներալ Մարտիկյանին, որը ռազմական հետախուզության ղեկավարն է, նա ավելի լավ կբանակցեր քան Կարապետյանը։ Ուղարկել են մի անձնավորության, որը երկու շաբաթ գնում է սահման, բանակցում, բայց մեր սահմանագծից գերիներ են վերցնում։ Մարտիկյանին ու ԱԱԾ տնօրենին պետք է ուղարկեին»,– ասել է Ավագյանը՝ հավելելով, որ այդ բանակցություններին ադրբեջանական կողմից ներկայացել է արտաքին հետախուզության ղեկավար Սուլթանովը, որը Ալիևի աջ ձեռքն է, իսկ մեր կողմից  բանակցողը նույնիսկ սահմանագծում բանակցել չի կարողանում։