ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում պատասխանել է ՀԱՊԿ անդամության մասին հարցին՝ նշելով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր պետությունների համար, այդ թվում՝ Ադրբեջանի:

Մասնավորապես, հարցին, թե՝ ինչպե՞ս է գնահատում ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցության ընդլայնման հեռանկարները: Օրինակ, Ուզբեկստանը կարո՞ղ է վերադառնալ ՀԱՊԿ, և ինչպե՞ս է ընթանում մերձեցումը Ադրբեջանի հետ, Անդրեյ Ռուդենկոն պատասխանել է․

«Ուզբեկստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, միայն կասեցրել է իր մասնակցությունը: Հետևաբար, եթե նա նման ցանկություն ունի, ապա նրա համար շատ հեշտ կլինի վերադառնալը: Ինչ վերաբերում է այլ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի համար:

Միակ բանը, որը կարող է սահմանափակել անդամակցությունը, կազմակերպության կանոնադրության որոշակի դրույթներն են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ-ին մասնակցելու համար նրա անդամների միջև անհրաժեշտ են դիվանագիտական հարաբերություններ: Ադրբեջանի և Հայաստանի միջև դեռ այդպիսի հարաբերություններ չկան: Երբ դրանք ձևավորվեն, (հուսով ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա) այդ դեպքում այս հարցը կարող է մտնել գործնական հարթություն»։