Արցախի հանրակրթական դպրոցներում այս տարի «Վերջին զանգի» արարողություն չի լինելու

Արցախի հանրակրթական դպրոցներում այս տարի չի նախատեսվում կազմակերպել «Վերջին զանգի» արարողություն:

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով Արցախյան երրորդ պատերազմի հետևանքները՝ բնականաբար, այս տարի տոնական որևէ միջոցառում չի իրականացվելու կրթական հաստատություններում։

«Հանրակրթական բոլոր դպրոցները տեղյակ են, որ «Վերջին զանգի» արարողությունները կատարվելու են միայն դասասենյակներում՝ ավելի համեստ տարբերակով, շնորհավորելով շրջանավարտներին և բարի երթ մաղթելով դեպի նոր կյանք: Մենք պարտավոր ենք հարգել և հիշել մեր անմահ հերոսների հիշատակը և զերծ մնալ տոնական միջոցառումներից»,- նշել է փոխնախարարը: Ըստ Մ. Համբարձումյանի՝ 2020-2021 ուսումնական տարում շրջանավարտների թիվը կազմում է 853՝ նախորդ տարվա՝ 1285-ի փոխարեն, իսկ 9-րդ դասարանցիների թիվը՝ 1514՝ նախորդ ուսումնական տարվա 1896֊ի փոխարեն։ «Առաջինից երրորդ դասարանցիները դպրոցը կավարտեն հունիսի 12-ին, 3-11-րդը՝ հունիսի 19-ին, իսկ 12-րդցիները՝ հունիսի 5-ին: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի փոքր-ինչ երկարաձգվում են դասերը՝ պատերազմյան օրերի բաց թողնված պարապմունքները լրացնելու նպատակով: Ի դեպ, 108 հանրակրթական դպրոց պատերազմի հետևանքով մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարը լուծարվել է, որտեղ սովորում էին ավելի քան 100 աշակերտ»,- մանրամասնել է Մ. Համբարձումյանը: