Լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ. ՇՄՆ պարզաբանումը՝ Ալիևների լուսանկարի մասին

Շրջակա միջավայրի նախարարությունը ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառման վերաբերյալ պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ «տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում»։

««Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։

Այնտեղ մինչ պատերազմը իրականացվել են նաև սահմանների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել»,– ասվում է պարզաբանման մեջ։

Նախարարություն նաև հորդորում է զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց։